Մեզ համար բերքը քիչ է լինում՝ պրոբլեմ է, շատ...

Լոլիկ մթերող տնտեսավարողներին սուբսիդավորելու ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի բերումով, ինչն իհարկե լավ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28–ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով 2000 տոննայից ավելի լոլիկ մթերող ընկերություններին պետությունը սուբսիդիա կտարամդրի յուրաքանչյուր կգ լոլիկի դիմաց 10 դրամի չափով։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ երբ բերքը քիչ է լինում մեզ համար պրոբլեմ է, երբ շատ է լինում, մեզ համար պրոբլեմ է: Ծրագրի իմաստն այն է, որ ոչ մի լոլիկ արտադրող չպետք է գործարանների դռների մոտ մնա։ Բայց պետք է ուշադիր լինել, որ լոլիկ չներմուծեն հետո տանեն մթերեն»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ տոմատի մածուկը միջազգային շուկաներում մեծ պահանջարկ ունի, և ակնհայտ է, որ մեր լոլիկի մածուկը բավականին լավ որակի է. «Բայց մենք ոչ մի դերակատարում չունենք այդ միջազգային շուկայում, ինչու՞, որովհետև մեր արտադրողները այնքան չեն արտադրում, որ միջազգային շուկայում որևէ ազդեցություն կամ ներկայություն տեսանելի լինի։ Ինչու չեն արտադրում այդքան, որովհետև այդքան լոլիկ չի արտադրում։ Ինչո՞ւ այդքան լոլիկ չի արտադրվում, որովհետև արդյունաբերական լոլիկը Հայաստանում համարվում է ոչ այդքան եկամտաբեր։ Եթե սեղանի լոլիկը բավականին լավ ապրանք է համարվում, արդյունաբերական լոլիկը այդ առումով չի համարվում եկամտաբեր։ Ինչու չի համարվում, որովհետև մեր մոտ մշակման արդյունավետության հետ կապված խորը խնդիրներ կան։

Ճիշտն ասած, մի քիչ անսպասելի տեղեկատվություն է, որ արդյունաբերական լոլիկի այսքան մեծ ծավալի արտադրություն ունենք և մենք պետք է հասկանանք խնդիրը։ Իմաստ ունի, որ էկոնոմիկայի նախարարությունն աշխատի այս թեմայի վրա, թե մենք կարող ենք արդյոք որևէ աջակցության ծրագիր անել, որպեսզի մի իքս պահի մենք լոլիկի մթերումը ստիպված չլինենք սուբսիդավորել, այսինքն գնային և արտադրական պրոցեսներ լինեն  արդյունավետ։

Ես որքան հասկանում եմ այս տարի ռեկորդային քանակի բերք ենք ստացել: Պետք է հասկանալ՝ ինչն է դրա պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել: Ես վստահ չեմ, բայց մեր ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա:

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ բազմաթիվ վայրիվերումներից հետո գյուղատնտեսական ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ: Պետք է արձնաագրեմ, որ այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման ծավալով: Այն փաստը որ այս տարի գործնականում մեր հիմնական գյուղմթերքների արտահանման էական աճեր են գրանցվել, դա խոսուն է»,- ընդգծեց նա: