Երեկ գիշեր մթության քողի տակ, տեղի է ունեցել տխրահռչակ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների հերթական նիստը, որի արդյունքում արձանագրում ենք, որ այս իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից: Այս մասին իր տեսաուղերձում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Դա են վկայում արձանագրության նկարագրության համաձայնեցումը, մամլո հաղորդագրությունները եւ կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից տրված պարզաբանումները: Այն տեղի է ունենում ի հաշիվ մեր պետության, մեր ժողովրդի, մեր կյանքի եւ մեր քաղաքացու, ընդհանրապես մեր գոյության:
Իշխանությունների վրա ազդեցություն չունեցան այն լայն հիմնավորումները, իրավական, օրենսդրական դաշտում, որոնք տրվել են բազմաթիվ մասնագետների կողմից, արձանագրված փաստերը, բարոյական հիմքերը եւ միաժամանակ այն լայն անհամաձայնությունը, որ հայտնել են քաղաքացիները:
Դա եւս մեկ անգամ փաստում է, որ նրան գործում են Սահմանադրության, օրենքների, իրավունքի, ինքնության, բարոյականության, տրամաբանության բոլոր տեսակի չափանիշներին հակառակ:
Այդ իմաստով անհրաժեշտություն է դարձել գնալ ոչ թե հետեւանքների հետեւից, այլ ուղղակիորեն վերացնելու պատճառները: Պատճառը մեկն է եւ այն Երեւանում է, եւ այլեւս հրատապություն ու հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով, համառ կամքով, համբերությամբ եւ վստահությամբ հեռացնելու այս իշխանությունը իր ամբողջ ապօրինություններով հանդերձ եւ նոր կյանք հաստատելու մեր երկրում:
Սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի:
Մենք մեր անհամաձայնությամբ, առաջիկա գործողություններով, որոնց մասին որոշակիորեն, կոնկրետ կերպով կներկայացնենք ձեզ, պետք է ընթանանք այս ճանապարհով, որովհետեւ այլ ելք, նախընտրություն մեզ համար չկա»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:



