Ժամեր առաջ աղբահանության խնդրից բողոքող քաղաքացիները, ովքեր քաղաքապետարանի մոտ աղբ էին թափել և բերման ենթարկվել, քիչ առաջ դուրս եկան ոստիկանությունից: Նրանք հայտնեցին, որ իրենց բերման են ենթարկվել խուլիգանության կասկածանքով, և այդ կապակցությամբ բացատրություն են տվել:
Ակցիայի մասնակից, Երևանի նախկին ավագանու ԵԾ խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը լրատվամիջոցների հետ զրույցում իրենց ոստիկանության բերման ենթարկելը ամբողջովին ապօրինի գործընթաց համարեց.
«Մենք ամեն ինչի մասին բազմիցս ահազանգել ենք քաղաքապետարան, մինչև այսօր ամեն ինչ հրապարակավ են կատարել: Քանի որ այսօր արդեն 21-րդ օրն էր, ինչ աղբը Արշակունյացի հասցներից մեկից չէր հեռացվում, մենք այդ աղբը բերեցինք և ասեցինք, որ մաքրեն քաղաքը:
Դեռ բազմաթիվ հասցեներ գիտենք, որտեղ աղբահանություն, սանմաքրում չի կատարվում, սակայն մենք հասկանում ենք որ քաղաքապետարանի բյուջեից դրա համար գումարներ են տրամադրվում»,- ասաց նա` հայտնելով, որ ակցիան շարունակելու են:



