Պակիստանը ողջունել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չի բացահայտի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարության մեջ նշել է, որ որպես միջնորդ՝ երկիրը չի կորցնի կողմերի վստահությունը և լրացուցիչ մանրամասներ չի բացահայտի։
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Պակիստանը պատրաստ է նպաստել երկխոսությանը։ Նա հավելել է, որ Պակիստանը կողջունի ցանկացած կարգավորում՝ անկախ վայրից։
«Եթե Պակիստանում համաձայնագիր կնքվի, դա մեզ համար պատիվ կլինի», - ասել է խոսնակը։
Ավելի վաղ Պակիստանի կառավարության աղբյուրները հայտնել էին, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու նպատակով խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի անցկացումը։
Պակիստանն ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։
Առայժմ հայտնի չէ, թե որտեղ կանցկացվեն հնարավոր բանակցությունները։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում կամ Ժնևում։



