Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը չպետք է քննարկվի, քանի դեռ Թեհրանը չի ապաշրջափակել Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Նեղուցը ընդհանուր բարիք է մարդկության համար, այն չի կարելի շրջափակել, հարկել կամ օգտագործվել որպես ճնշման լծակ», - RTL ռադիոկայանի եթերում ասել է նախարարը։
«Իրանի դեմ որևէ պատժամիջոցի չեղարկում բացառվում է, քանի դեռ նեղուցը շրջափակված է», - ընդգծել է Բարոն։
Նա նաև մեկնաբանել է ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի տեղափոխումը Մերձավոր Արևելք՝ նշելով, որ այս գործողություններն «ամրապնդում են մեր պաշտպանությունը»։
Այս շաբաթ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով նավագնացության կառավարման նոր մեխանիզմ։ Press TV հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ «նավերը պարտավոր են գործողությունները կարգավորել այս համակարգին համապատասխան և տարանցման թույլտվություն ստանալ՝ նախքան Հորմուզի նեղուցով անցնելը»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել էր Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը՝ դրա մեկնարկից գրեթե 48 ժամ անց։ Ըստ տեղեկությունների՝ կողմերը համաձայնության են եկել հուշագրի շուրջ, որը հիմք կծառայի հետագա բանակցությունների և խաղաղության համաձայնագրի համար։



