Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է պաշտպան...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, պետական ծախսերի երկար սպասված պլանի հրապարակմանն ընդառաջ, հայտարարել է պաշտպանական կարիքների համար հավելյալ 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնելու մասին, հայտնում է BBC News-ը։

Սթարմերի խոսքով՝ մինչև 2029 թվականը Մեծ Բրիտանիայի տարեկան ռազմական ծախսերը կհասնեն 80 միլիարդ ֆունտ ստեռլինգի։ Այս ավելացումը ֆինանսավորելու համար կառավարությունը մտադիր է հրաժարվել մի շարք ճանապարհաշինական և էներգետիկ նախագծերի իրականացումից։

Իր ելույթում բրիտանական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ռազմական ծախսերի աճը թելադրված է փոխված միջազգային իրադրությամբ։

«Երբ ողջ աշխարհը զինվում է, իսկ ագրեսիան՝ գնալով սաստկանում, պատերազմից խուսափելու լավագույն միջոցը դրան պատրաստ լինելն է»,– հայտարարել է նա։

Պաշտպանական ներդրումների նոր պլանով նախատեսվում է 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնել զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի և ինքնավար մարտական համակարգերի կիրառման ընդլայնմանը։

Փաստաթուղթը ներառում է նաև Թագավորական ռազմածովային նավատորմի արդիականացման լայնածավալ ծրագիր։ Իշխանությունները մտադիր են այն վերածել «հիբրիդային նավատորմի», որտեղ ավանդական մարտական նավերն ու ավիացիան կգործեն ինքնավար նավերի և արհեստական բանականության համակարգերի հետ համատեղ։ Բացի այդ, նախատեսվում է ֆինանսավորել վեց նոր մարտական նավերի կառուցումը։

Ընդդիմությունը քննադատության է ենթարկել այս նախաձեռնությունը։

Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բեյդենոկը հայտարարել է, որ առաջարկվող ֆինանսավորումը բավարար չէ և կազմում է «հազիվ այն ամենի կեսը, ինչն, ըստ զինվորականների, իրականում անհրաժեշտ է»։

Իր հերթին, Լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դեյվին պլանն անվանել է «ուշացած և թերֆինանսավորված»։