Մերկելը ճիշտ է անվանել 2008թ. Ուկրաինային ՆԱՏ...

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ ճիշտ է համարում 2008թ. Բուխարեստում ՆԱՏՕ գագաթաժողովում Ուկրաինային դաշինք չընդունելը, քանի որ Կիեւի անդամակցությունը կազմակերպությանը կդրդեր Ռուսաստանին ռազմական գործողությունների։

«Մենք կտեսնեինք ռազմական հակամարտություն էլ ավելի վաղ։ Ինձ համար լրիվ հասկանալի էր, որ Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր] Պուտինը ձեռքերը ծալած չի նստի եւ սպասի, թե ինչպես է Ուկրաինան մտնում ՆԱՏՕ։ Եվ այդ ժամանակ Ուկրաինան, որպես երկիր, հաստատ այնքան պատրաստված չէր, ինչպես 2022թ. փետրվարին»,- ասել է Մերկելը Բի-բի-սիի հարցազրույցում։

Խոսելով հակամարտության ընթացիկ վիճակի մասին՝ նախկին կանցլերը նշել է, որ անհրաժեշտ է «անել հնարավոր ամեն ինչ միջուկային զենքի կիրառումը կանխելու համար»։ «Բարեբախտաբար, Չինաստանը նույնպես խոսել է այդ մասին որոշ ժամանակ առաջ։ Մենք չպետք է տրվենք վախին, բայց պետք է ընդունենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի կողքին, աշխարհի խոշոր միջուկային տերություն է»,- ընդգծել է նա։

Մերկելը նաեւ ավելացրել է, որ իշխանությունում գտնվելու ժամանակ ձգտել է համագործակցել ՌԴ-ի հետ, այդ թվում էներգետիկ ոլորտում, քանի որ դա համապատասխանում էր Գերմանիայի ազգային շահերին։ Նա ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը հանգեցրել է ՌԴ-ի հետ Եվրոպայի հարաբերությունների սառեցման։

Խոսելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ Մերկելը խորհուրդ է տվել արեւմտյան ղեկավարներին նրա հետ շփվելիս «հստակ հնչեցնել իրենց առաջնահերթությունները եւ չվախենալ» նրանից, քանի որ Թրամփը «կարող է լինել շատ ուղղագիծ»։ «Նա շատ հստակ է արտահայտվում։ Եվ եթե դուք էլ ձեզ այդպես պահեք, ապա ձեր միջեւ փոխադարձ հարգանք կգոյանա։ Այսպիսին է իմ փորձը»,- ասել է նա։ Նախկին կանցլերն ընդգծել է, որ համաշխարհային ղեկավարները, որոնց ինքը լավ է ճանաչում, նախկինի պես դիմում են իրեն խորհրդի համար։ Ընդ որում, Մերկելը նշել է, որ քաղաքականությանը չի կարոտում։

Պատասխանելով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշի աճի մասին հարցին՝ նախկին կանցլերը հայտնել է, որ աջ քաղաքական ուժերի հետ համագործակցելու միակ միջոցը երկիր անլեգալ միգրանտների հոսքի նվազեցումն է։ Մերկելն ասել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն աֆրիկյան երկրներում՝ բարձրացնելու համար այնտեղի կյանքի չափորոշիչները, քանի որ նման ներդրումները կհանգեցնեն ԵՄ միգրացիոն հոսքերի կրճատման։