
Բազմաթիվ երկրներ պատրաստակամություն են հայտնել աշխատելու Եվրամիության հուսալի առևտրային գործընկերների հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերը հիմնովին փոխեցին աշխարհի շուկաները: Այս մասին POLITICO պարբերականին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ավելի ու ավելի անկանխատեսելի գլոբալ իրադրության պայմաններում պետությունները հերթ են կանգնում մեզ հետ աշխատելու համար», - նշել է նա՝ առանց հիշատակելու Թրամփի անունը։
Վերջին մի քանի շաբաթներին ֆոն դեր Լայենը հանդիպումներ է անցկացրել Իսլանդիայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Կանադայի, Հնդկաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարների հետ, որոնք «ուժեղ, հուսալի գործընկերներ» են փնտրում։
Նրա գնահատմամբ՝ աշխարհակարգը «փոփոխվում է ավելի խորապես, քան երբևէ սառը պատերազմի ավարտից ի վեր»։ Նման ցնցումների ֆոնին, ըստ նրա, ԵՄ-ի նկատմամբ վստահությունն աճում է, այդ թվում՝ համայնքի քաղաքացիների շրջանում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը վկայակոչել է Eurobarometer-ի հարցման տվյալները, որոնք վկայում են, որ ԵՄ-ին անդամակցությանն աջակցությունը կազմում է 74%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 40 տարվա ընթացքում։
«Դա վկայում է ինչ-որ բանի մասին: Քաոսի մեջ Եվրոպան կանգնած է հաստատուն՝ հիմնվելով արժեքների վրա, պատրաստ ձևավորելու այն, ինչ սպասվում է առաջիկայում», - նշել է ֆոն դեր Լայենը:
Թրամփն ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրներից և տարածքներից արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի սահմանման մասին։ Երկրների մեծ մասի նկատմամբ սահմանվել են բազային 20% մաքսատուրքեր, իսկ ԵՄ-ի նկատմամբ՝ 20%։ Ապրիլի 9-ին Թրամփը հայտարարել է, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրների համար, որոնք բանակցությունների պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց նկատմամբ կգործեն 10%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր։ Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ պատրաստ է քննարկել մաքսատուրքերի չափերն առևտրային գործընկերների հետ։ Բացի այդ, նա չի բացառել այդ եռամսյա դադարի երկարաձգման հնարավորությունը: