
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե Ազգային ժողովի ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև գրանցված միջադեպը իբր կապված է ընդդիմության կողմից Հայոց ցեղասպանության հերքմանը վերաբերող նախագիծ ներկայացնելու հետ։
«Մամուլում, ըստ էության, իրականությանը չհամապատասխանող լուր է տարածվել, որ Ազգային ժողովում տեղի ունեցած լարումը պայմանավորված է եղել ընդդիմության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ ուղղված նախագծով։ Պետք է հստակ ասենք, որ լարումը տեղի է ունեցել նշվածի հետ որևէ առնչություն չունեցող պատճառով, որովհետև դահլիճից պարզապես ռեպլիկ է հնչել։ Պետք է տեղեկացնեմ մեր սիրելի քաղաքացիներին, որ Հայոց ցեղասպանության հերքումը բավականին երկար ժամանակ քրեականացված է Հայաստանի քրեական օրենսգրքով»,- մանրամասնել է Վարդանյանը։
Ապրիլի 22-ին Ազգային ժողովում եկամուտների հայտարարագրման սկզբնաժամկետ և վերջնաժամկետ սահմանելու վերաբերյալ պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ միջադեպ էր գրանցվել իշխող ուժի և ընդդիմադիր պատգամավորների միջև։ Բաբկեն Թունյանի եզրափակիչ ելույթի ժամանակ դահլիճում խառնաշփոթ էր սկսվել, պատգամավորների միջև վեճ էր սկսվել, այնուհետև նրանք սկսել էին քաշքշել միմյանց, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում էր հայտարարել։ Միջադեպը հարթելուց հետո նիստը շարունակվել էր։
Մինչ Բաբկեն Թունյանի ելույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնելու մասին։ Մինասյանի այդ հայտարարությանն արձագանքել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա նշել էր, որ Հայոց ցեղասպանությունից 3 տարի անց՝ 1918 թվականին, ՀՅԴ-ն բարեկամության ու հաշտության մասին պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ։ «Փաստորեն, դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք 110 տարի անց ուզում եք երեսպաշտորեն նախագիծ բերել Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար»,- ասել էր Կոնջորյանը։