Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել Հայաստա...

Region Monitor -ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի աշխատակազմի խորհրդական Սաադոլլահ Զարեիի հետ։ Խորհրդականի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ինչպես Հայաստան-Իրան հարաբերություններին, այնպես  էլ տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին վերաբերող հարցերի:

«Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև.

- Պարոն Զարեի, ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունները ներկա փուլում։ Արդյոք կա հեռանկար հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

- Մեր տարածաշրջանի շատ ժողովուրդներ ունեն մի ասացվածք. պարսկերենում ասում ենք՝ անցյալն ապագայի լույսն է։ Այսինքն՝ նայիր անցյալին, որպեսզի տեսնես ապագան։ Այն տարիներից սկսած, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, մեր հարաբերությունները Հայաստանի հետ կայուն են եղել։ Այդ հարաբերությունները երբեք չեն ընդհատվել։ Միշտ շեշտադրվել է այդ հարաբերությունների կարևորությունը՝ ինչպես Թեհրանի, այնպես էլ Երևանի կողմից, և մշտապես խոսվել է դրանց զարգացման մասին։ Թեև Իրանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումն Իսլամական հանրապետության համար առանց գնի չի եղել՝ հաշվի առնելով Ադրբեջանի Հանրապետության և Ադրբեջանի շիա ժողովրդի զգայուն վերաբերմունքը։ Այսինքն՝ մենք դրա համար գին ենք վճարել։ Հայաստանի հետ մեր հարաբերություններն Ադրբեջանում բացասական արձագանք են առաջացրել Իրանի նկատմամբ, բայց մենք այդ հարաբերությունները պահել ենք և շարունակել։ Հետևաբար, կարելի է ասել, որ այդ հարաբերությունների զարգացման հորիզոնը բաց է։ Սակայն կան ընդդիմացողներ՝ այդ թվում նաև արևմտյան երկրները, որոնք ի սկզբանե չեն ցանկանում, որ Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ զարգանան։ Այսօր մենք գիտենք, որ նրանք ճնշում են գործադրում Հայաստանի վրա, և մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմակայել այդ ճնշումներին, քանի որ այդ ճնշումները հակասում են նաև Հայաստանի ազգային շահերին։ Այս տարածաշրջանում որքան ավելի լայն լինեն Հայաստանի կապերը, այնքան ավելի հնարավորություն կլինի զարգանալու: Միաժամանակ կնվազի նաև խոցելիությունը, սակայն արևմտյան երկրները, տարածաշրջանում հակասություններ ստեղծելով, փորձում են խոչընդոտել երկրների հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես Իրանի հարաբերություններին տարածաշրջանի երկրների հետ։

- Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել և որպես օրինակ դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ինչպե՞ս եք գնահատում նման սցենարի հավանականությանը։

- Վերջին 10 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել մի ծիծաղելի գաղափարի. ոմանք ասում էին, թե հնարավոր է առանց Իրանի Կովկասում հարաբերություններ ձևավորել, այսինքն՝ Իրանի մասնակցությունը բացառելով։ Բայց իրականում, այս տարիների ընթացքում ոչ մի կողմ չի կարողացել առանց Իրանի ճշգրիտ հարաբերություններ ստեղծել։ Իրանը միջամտություն չի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմին։ Մենք պատերազմի կողմ չենք եղել՝ ի տարբերություն որոշ տարածաշրջանային երկրների, սակայն Իրանի դիրքորոշումը չեն կարողացել անտեսել։ Այսինքն՝ մենք անհանգստություն չունենք մեր դիրքի պահպանման հարցում։ Թեև արտաքին միջամտությունները կարող են խնդիրներ ստեղծել, բայց էականորեն չեն կարող փոխել իրավիճակը, որովհետև մենք այս տարածաշրջանի հանդեպ զգայուն ենք։ Սա մի տարածաշրջան է, որը մի ժամանակ մաս է կազմել Իրանի հնագույն աշխարհագրության։ Այս տարածաշրջանի մշակույթը կապված է մեր մշակույթի հետ, անվտանգությունը՝ մեր անվտանգության հետ, տնտեսությունը՝ մեր տնտեսության հետ, տարանցիկ ճանապարհները՝ մեր շահերի հետ։ Այս տարածքը միաժամանակ կապող օղակ է Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Եվրոպայի միջև։ Ուստի, այս հարաբերությունները պետք է պահպանվեն, և մենք հավատում ենք, որ դրանք պահպանվելու են։ Ադրբեջանն էլ, իմ կարծիքով, գիտակցում է, որ ոչ Ամերիկան, ոչ Իսրայելը նրա հարևանը չեն։ Նրա միակ մեծ հարևանը Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Սա մի բան չէ, որ հնարավոր է փոխել։ Սա իրականություն է։ Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունում այն խոսակցությունները, թե իբր Իսրայելը կամ ԱՄՆ-ն նման բան են ուզում անել այստեղ։ Վերջում, տարածաշրջանի ճակատագիրը որոշվում է հենց տարածաշրջանային գործընթացներով, ոչ թե այն քաղաքականություններով, որոնք Ատլանտյան օվկիանոսի այն կողմում են որոշվում։ Դրա օրինակն է «դարի գործարքի» ձախողումը կամ Աբրահամյան համաձայնագրերի անկարողությունը՝ փոխելու տարածաշրջանի իրողությունները։ Իրականությունը փոխում է դիմադրությունը, ոչ թե թղթի վրա գրված ծրագրերը։ Այս տարածաշրջանը ոչ ԱՄՆ-ինն է, ոչ էլ Իսրայելինը։ Սա համատեղ աշխարհագրություն է մեր՝ տարածաշրջանի ժողովուրդների համար, և հենց մեր մերձավոր հարաբերությունների հիման վրա կարող է այստեղ ձևավորվել անվտանգության, քաղաքական և տնտեսական համակարգ։

- Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, արդյոք Իրանը կիսում է նախաձեռնության այն հեռանկարները, որոնք Հայաստանն է տեսնում և առաջարկում տարածաշրջանի պետությունների համար։

 

- Իսլամական հանրապետության առաջնորդ Այաթոլա Խամենեին իր Նոր տարվա ելույթում, տնտեսական խնդիրների վերաբերյալ խոսելիս, օրինակ բերեց «Հյուսիս-Հարավ միջանցքը»: Սա ցույց է տալիս, որ Իրանի տնտեսական մտածողության ուղղվածությունը տարածաշրջանի վրա հիմնված է այս երկրների միջև ընդհանուր միջանցքի գաղափարի վրա։ Պարոն Փաշինյանի առաջարկն այս համատեքստում կարելի է գնահատել, և մեր կարծիքով՝ սա կարող է լուծել այն բազմաթիվ կարիքներն ու լարվածությունները, որոնք առաջանում են երկու երկրների միջև։ Այսինքն՝ Ադրբեջանի բոլոր պահանջները, Հայաստանի բոլոր պահանջները, Վրաստանի, մեր, Ռուսաստանի, նույնիսկ Թուրքիայի և Եվրոպայի պահանջները կարող են լուծվել այս լայնածավալ միջանցքի շրջանակում՝ առանց լարվածություն առաջացնելու։ Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի առաջարկը լիովին արժանի է ուսումնասիրության։

- Ի՞նչ ուղղությամբ և ինչպե՞ս կարող են ընթանալ Իրան-ԱՄՆ բանակցությունները և դրանց արդյունքում հնարավոր կլինի՞ դիվանագիտական գործարքի հասնել, թե՞ չի բացառվում նաև ռազմական առճակատման հնարավորությունը։

- ԱՄՆ-ն և անձամբ Թրամփը Իրան ուղարկած նամակում շեշտում էին, որ եկել է խոսելու ժամանակը՝ երկարատև լարվածությունից հետո։ Նա նշում էր, որ երկխոսությունը կարող է օգուտներ բերել և նոր ուղի բացել։ Սակայն ես կասկածներ ունեմ՝ արդյոք պարոն Թրամփն անկեղծ է այդ հարցում։ Մենք Թրամփի մեջ անկեղծություն չենք տեսել՝ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը հակառակն է անում։ Օրինակ, այդ ընկերասեր նամակի հետ միասին, միաժամանակ նոր ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանում։ Սա խոսում է անկեղծության բացակայության մասին։ Բայց մի կարևոր բան կար Թրամփի նամակում՝ այն է, որ նա խոստովանում է, որ հակամարտությունը չի կարողացել լուծել ԱՄՆ-ի խնդիրն Իրանի հետ, և ռազմական ճանապարհով ԱՄՆ-ն չի կարող իր հարցերը լուծել։ Ի վերջո պետք է երկխոսություն լինի։ Բայց ըստ Թրամփի՝ այդ երկխոսությունը պետք է ծառայի միայն ԱՄՆ-ի շահերին։ Մինչդեռ ըստ մեզ՝ երկխոսությունը պետք է հիմնված լինի երկու երկրների և նույնիսկ ավելի լայն շրջանակի՝ միջազգային շահերի վրա։ Երկու պետությունները պետք է նստեն և քննարկեն իրենց հարցերը միջազգային իրավունքի հիման վրա։ Մեր կարծիքով՝ դա լիովին հնարավոր է, քանի որ կան հստակ կանոններ՝ միջազգային իրավունք, անկախության հարգում, միջուկային էներգիայի իրավունք, ուժեղ բանակ ունենալու իրավունք, տարածաշրջանային ազատ առևտուր իրականացնելու իրավունք։ ԱՄՆ-ն ասում է՝ այս ամենը մոռացեք և ընդունեք այն նոր կարգը, որն ինքն է առաջարկում։ Բայց սա անհնար է, որովհետև այն խախտում է միջազգային կանոնները և վնաս է պատճառում բոլորին։ Եթե կանոնները մի տեղ խախտվում են, ապա հնարավոր է՝ դրանք խախտվեն նաև այլ տեղերում։ Ուստի, եթե հարցն այն է, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ-ի և Իրանի խնդիրները լուծել միջազգային իրավունքի շրջանակում, ապա պատասխանը՝ այո։ Բայց եթե հարցն այն է, թե արդյոք Իրանը կզիջի իր իրավունքները՝ հանուն ԱՄՆ-ի հետ խաղաղ հարաբերությունների, պատասխանը՝ ոչ։ 46 տարվա ընթացքում այդպես չի եղել, և լարվածությունը միշտ եղել է, բայց հենց ԱՄՆ-ի կողմից։ Իրանը երբեք չի սկսել այդ լարվածությունը, մենք չենք սպառնացել ԱՄՆ-ին, և եթե հարվածի պատասխան ենք տվել՝ դա պատասխան է եղել և ոչ նախաձեռնություն։

- Պարոն Զարեի, ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Հարավային Կովկասում արտաքին դերակատարների, հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի աճող ազդեցության վերաբերյալ։

- Տեսեք, մենք հավատում ենք, որ Թուրքիան տարածաշրջանի երկրներից մեկն է, ունի շահեր, կապեր և իրավունքներ։ Սա ընդունելի է։ Թույլատրելի է, որ Թուրքիան ակտիվ դեր ունենա Կովկասում, ինչպես Ռուսաստանն էլ ունի այդպիսի դերակատարում։ Նույնը կարող է վերաբերվել նաև այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին։ Բայց ներկայումս Թուրքիան և անձամբ պարոն Էրդողանն ընդլայնում են հակամարտությունը Հարավային Կովկասում։ Սա տրամաբանական չէ։ Սա Թուրքիայի ազգային շահերի կամ անվտանգության մասին չէ, այլ մի քաոսային գաղափարախոսության մասին է, որը տարածվում է Կովկասում։ Եվ այդ գաղափարախոսությունն ի վերջո վնաս է տալիս հենց Թուրքիային, որովհետև հակամարտության պայմաններում Թուրքիան չի կարող առաջ տանել իր քաղաքականությունը։ Սա վնաս է նաև տարածաշրջանի մնացած երկրների համար։ Սա մի բան չէ, որ հնարավոր է անտեսել։

- Ինչպե՞ս է Իրանը գնահատում իր հարաբերությունների ներկայիս վիճակը Ադրբեջանի հետ, հատկապես վերջին լարվածություններից հետո։

- Տեսեք, մենք՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, շատ բնական, հարազատ և պատմական հարաբերություններ ունենք Ադրբեջանի ժողովրդի, տարածքի, անվտանգության և շահերի հետ։ Իրանն իր բարեկամական պարտականությունները միշտ կատարել է Ադրբեջանի հանդեպ։ Դուք գիտեք, որ այս տարածաշրջանն Իրանից բաժանվել է ոչ վաղ անցյալում. մոտ երկու դարից էլ քիչ։ Վերջին 35 տարիների ընթացքում, երբ պետություններն ի հայտ եկան ու զարգացան, երբեմն ուժեղացան, երբեմն թուլացան, Իրանը երբեք որևէ պահանջ չի ներկայացրել Ադրբեջանի, Հայաստանի կամ Վրաստանի հանդեպ, նույնիսկ մեկ գյուղի կամ գետի հարցով։ Իսկ դուք գիտեք՝ Թուրքիան ինչ է անում՝ Սիրիայում տարածքներ է գրավում, Իրաքում Բաշիկան է գրավել և փորձում է իր դիրքերն ընդլայնել, սակայն Իրանը երբեք ոչ միայն այս տարածքի, այլ նույնիսկ Բահրեյնի հարցով՝ որը 50 տարի առաջ է առանձնացել Իրանից, որևէ պահանջ չի ներկայացրել։ Այսինքն՝ մեր դիրքորոշումը հստակ է։ Մենք չենք փնտրում անկայունություն կամ տարածքների ընդլայնում, մենք համագործակցության և եղբայրության կողմնակից ենք։ Կան նաև մարդիկ, ովքեր չեն ցանկանում տեսնել այդ եղբայրությունը, քանի որ դա խոչընդոտ է օտարների ներթափանցման համար։ Մենք կարծում ենք, որ հակաիրանական շարժումները Կովկասում ունեն օտար՝ ամերիկյան, իսրայելական և այլ աղբյուրներ։ Մենք ընդհանրապես չունենք ոչ տարածքային, ոչ սահմանային, ոչ էլ որևէ այլ պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Ուրեմն ինչու պետք է այստեղ անկայունություն լինի՝ դա մեր շահերին չի համապատասխանում։ Բայց կան մարդիկ, ովքեր չափազանցնում են իրականությունը՝ սխալ մեկնաբանություններով այն փոխանցելով, օրինակ, ադրբեջանական հանրությանը։ Սակայն այս քաղաքականություններն արդյունք չեն տալու։ Տարածաշրջանի աշխարհագրական իրողությունները չեն փոխվում՝ Իրանի և Ադրբեջանի, Հայաստանի և Ադրբեջանի հարևանությունն անփոփոխ է։ Արտաքին միջամտությունները կարող են միայն ժամանակավոր տատանումներ առաջացնել, բայց չեն կարող մի ամբողջ տարածաշրջանային համակարգ թելադրել։