Մենք խոսում ենք հաջորդ տարի ևս 30 հեկտար տարածքի կանաչապատման ու անտառապատման մասին, եւ զավեշտալին այն է, որ մեզ պարբերաբար մեր ընդդիմախոսները մեղադրում են Երևան քաղաքում կանաչ ֆոնդը վերացնելու մեջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մինչդեռ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ և անտառներ են տնկվել: Եթե համեմատենք վերջին երկու տարին, վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի շատ ծառ է տնկվել Երևան քաղաքում, ծառեր, որոնք երեք ամիս հետո չեն չորացել, որոնց հետ բոլոր տեղերում իրականացրել ենք ոռոգման համակարգեր։
Երբ մենք քիչ ենք խոսում, սպեկուլյացիան շատ ավելի շատ է հնչում և շատ ավելի բարձր է հնչում: Մենք շատ հստակ և պարբերաբար պետք է հիշեցնենք, թե ինչ աշխատանքներ են արվել վերջին երկու տարվա ընթացքում, որպեսզի այն մարդիկ, որոնք մեզ մեղադրում են Կանաչ ֆոնդը ոչնչացնելու մեջ, այս տվյալները ունենան:
Չնայած ես վստահ եմ, որ նրանք ունեն այդ տվյալները: Ես վստահ եմ, որ մեր լռությունն է ավելի շատ իրենց ջրաղացին ջուր լցնում, շատ երևանցիների ուղղակի մոլորեցնում են այս տեսակ ինֆորմացիաներով»,-ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ նշեց, որ «Մեր նորանկախ պատմության մեջ հիմնվել է չորս քաղաքային մեծ ուրբան անտառներ, դա «Եռաբլուրի» անտառն է, մենք դրան կոչում ենք փառքի անտառ, 15-ից ավել հեկտար տարածքի վրա, դա Ծիծեռնակաբերդի բարձունքում մարզահամերգային համալիրի լանջին հարող 10 հեկտար տարածքն է, նույնպես ուրբան անտառ, ինչը պատկանում է Երևանի քաղաքապետարանին»:
Ավինյանը շարունակեց. «Եթե կա տարածք, որտեղ տարիների ընթացքում ծառեր չեն մշակվում, նոր ծառեր չեն տնկվում, որոգման համակարգ չի քաշվում, մենք պետք է նվազագույնը մեր պատրաստակամության մասին հայտնենք, որ մենք պատրաստ ենք այդ տարածքը վերցնել մեր վերահսկողության ներքո և համապատասխանաբար կանաչապատել: Եթե առհասարակ արձագանք չկա, այդտեղ ևս քաղաքապետարանը ունի անելիք, որովհետև այդպես չենք կարող ձեռքներս ծանած նստել, ասել՝ դե տվել ենք ինչ-որ մի հատ ՊՈԱԿ-ի, իրենք պետք է հետևեն»:



