Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը գերիների, ռազմագերիների վերադարձի հարցը քննարկում է Ադրբեջանի առաջ քաշած նոր պահանջների շրջանակներում, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Մեր գլխավոր խնդիրը սկսում է նրանից, որ նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարության մեջ պետք է ամրագրվեր գերիների և ռազմագերիների վերադարձին վերաբերող ժամկետներ, ճիշտ այնպես, ինչպես դա արվեց տարբեր շրջաններ հանձնելիս։ Քանի որ Հայաստանի իշխանությունը կամ չի մասնակցել փաստաթղթի քննարկմանը, կամ առաջնային չի համարել այդ խնդրի շուտափույթ կարգավորումը, ժամկետային որևէ ամրագրում չի առաջարկել եռակողմ հայտարարության մեջ և ստեղծված իրավիճակում Ադրբեջանը գերիների մի մասի վերադարձը հետպատերազմյան իրավիճակում իրականացրել է նոր նախապայմանների և Հայաստանի նկատմամբ նոր ճնշումների առաջադրման պայմաններում», - ասաց Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է գնալ Ալիևի հետ հանդիպման, տանել ականապատված տարածքների բոլոր քարտեզները և փոխանակել դրանք գերիների հետ։



