Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի․...

«Հիմնականում քննարկվել է վերջին դեպքերը, որոնք կատարվել են Վարդենիսի հատվածում, ինքը պատասխանեց, որ քննությունը կվերջանա և ամեն ինչ կպարզվի քննության ավարտից հետո»․ այս մասին A1+-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը։

Ըստ Մելքոնյանի կան որոշ հարցեր, որոնք պետք  է դեռևս պարզվեն․ «Այնտեղ մութ բաներ կան, որ քննությունը պետք է պարզի։ Այդ գիշերով ինչ գործ ուներ բենզինը կացարանում, կամ կապիտանը ինչու գնաց բենզինը բերեց»։

Անդրադառնալով Եվոպական Միության որոշմանը, ըստ որի՝ 2 տարով Հայաստան է ուղարկվելու քաղաքացիալական առաքելություն, պատգամավորը պատասխանեց․ «Դա նշանակում է 2 տարի մենք կարող ենք զբաղվել մեր երկրի տնտեսությամբ, բանակաշինությամբ։ Մենք ունենք հույս, որ Ադրբեջանը չի հարձակվի»։

Հարցին, թե ինչու Ադրբեջանը միջանցքը չի բացում նույնիսկ, երբ պաշտոնական ԱՄՆ-ն է հորդորում բացել ճանապարհը, Մելքոնյանը պատասխանեց․ «Ալիևը կարող է ՌԴ-ի հորդորը չլսի, բայց եթե ԱՄՆ-ի հորդորը չլսի, իր վրա ծանր է լսելու»։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությւոնների խնդիրներին պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչնչով չեն օգնում և պետք է արևմուտքի հետ համագործակցենք ու մեզ համար ստեղծենք այլընտրանքներ․ «Լավրովն էլ է ուզում այս հայկական կտոր հողը նվիրի թուրքերին»։