Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։
Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում անդամությունից զրկելու մասին խոսակցությունները սկիզբ էին առել այն պահից, երբ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը (26.03.2025թ․)
2026թ․ մայիսի 19-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց․ «Մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է այդ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»։
Հայաստանից արձագանքը չուշացավ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին «Ազատության»-ը տված հարցազրույցում հայտարարեց․ «Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Չկա այդպիսի բան կանոնադրական նախատեսված: Դա մեր կողմից կարա քննարկվի, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ: ․․․ Բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն, և կազմակերպության անդամությունից որևէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չի»։
Արարատ Միրզոյանի արձագանքին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ դրանից մեկ օր անց՝ 2026թ․ մայիսի 22-ին։ Նա հայտարարեց․ «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի հարցը, ԵԱՏՄ-ի կարգավորումներով, կարող է քննարկել միայն Հայաստանը։ ԵԱՏՄ-ի անդամը միայն կարող է որոշել դուրս գալ, այլ գործընթաց չկա։ Ցանկացած հարց կարող ենք քննարկել, և ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, և մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք»։
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբւիինյանը այս տարվա սեպտեմբերի 14-ին ԱԺ նիստում հայտարարեց․ «Հայաստանին ԵԱՏՄ-ից չեն կարող վտարել։ Նման մեխանիզմ պարզապես չկա»։
ԵԱՏՄ-ն այլ կարծիք ունի։
Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ին հրապարակած ծավալուն զեկույցի 45 և 45-րդ էջերում նշվում է․ «ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման և, որպես հետևանք, ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար Հայաստանի Հանրապետության ընդունած որոշման և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ռիսկերը օրակարգ են բերում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության հետագա գտնվելու կարգավիճակի հարցը։ ․․․ ԵԱՏՄ-ին անդամակցելուն ուղղված Հայաստանի Հանրապետության գործողությունները՝ ԵԱՏՄ և ԵՄ իրավունքով վերազգային իրավասությանը դասված ոլորտներում, թույլ չեն տա «ստեղծել բարենպաստ պայմաններ Միության կողմից իր գործառույթների կատարման համար և զերծ մնալ այնպիսի միջոցառումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել Միության նպատակների իրականացումը», ինչպես դա ամրագրված է ԵԱՏՄ մասին պայմանագրի 3-րդ հոդվածում:
Նման պայմաններում 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի այլ կողմերը՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին և, մասնավորապես, միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի մայիսի 23-ի Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու մասին:
Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կկասեցվի 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված այն իրավական ռեժիմի կիրառումը, որը պայմանավորված է Միության անդամ պետության կարգավիճակով»:
Փաստորեն, ԵԱՏՄ մյուս անդամները հղում են անում ԵԱՏՄ մասին պայմանագրի 3-րդ կետին, որի համաձայն՝ Միության անդամները պարտավոր են չձեռնարկել միջոցներ, որոնք կարող են վտանգել Միության նպատակները։ Ինչպես նաև միջաազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիան, որի համաձայն՝ պայմանագրի մյուս կողմերը կարող են համատեղ որոշմամբ կասեցնել պայմանագրի գործողությունը էական խախտում թույլ տված պետության նկատմամբ։
Համաձայն զեկույցի՝ կասեցումը կարող է տևել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը հանրաքվե չի անցկացրել ԵԱՏՄ անդամակցության և ԵՄ-ին միանալու հարցի շուրջ։



