Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին և քննադատել նման դեպքերը երկրի անվտանգության սպառնալիք ներկայացնելու մոտեցումը։
Միրզոյանն այս մասին խոսել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ արձագանքելով պատգամավորի՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին։
«Վայ այն քաղաքական ուժին, ով մտածում է, որ երկրի անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է։ Այդպիսի բաներ լինում են․ իրենց կողմից էլ հովիվ կարող է մոլորվել, մեր կողմից էլ։ Եվ լինում են՝ մեր խաղաղության հաստատումից հետո էլ, առաջ էլ լինում են այդպիսի դեպքեր»,– ասել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ նման իրավիճակներում մարդիկ վերադարձվում են։ Միաժամանակ նա տարբերակել է մոլորվելու դեպքերն այն իրավիճակներից, երբ սահմանը հատած անձը հանցագործություն է կատարում։
Նրա խոսքով՝ նման միջադեպերից լիովին խուսափելը դժվար է, և անհրաժեշտ է գնալ համագործակցային լուծումների։
Միրզոյանն ընդգծել է, որ խաղաղության գործընթացում կան ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ խնդիրներ, սակայն վերջիններիս առկայությունը չպետք է հիմք դառնա դրական քայլերից հրաժարվելու համար։
«Դուք անընդհատ փորձում եք ասել՝ բայց կա այս վատ բանը։ Այո՛, կա, գիտեմ։ Հիմա ի՞նչ անենք, ասենք՝ վերջ, փակենք, նորից վերադառնանք հակամարտությա՞ն։ Սա լավ ճանապարհ չէ Հայաստանի համար»,-նշել է նախարարը։
Հոկտեմբերի 21-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը։ Ազգային անվտանգության ծառայությունն ու պաշտպանության նախարարությունը դեռևս չեն մեկնաբանել տեղեկությունը։



