
Մենք խորապես անհանգստացած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների երկայնքով շարունակվող բախումներով, այդ թվում՝ հրետանային հարվածների մասին հաղորդումներով, որոնց ենթարկվում են խաղաղ բնակչությունը եւ Հայաստանի ներսում գտնվող քաղաքացիական օբյեկտները։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նորվեգիայի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Նորվեգիան ճանաչում է երկու երկրների՝ եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարման շուրջ երկխոսությանը։ Մենք նաեւ ողջունում ենք Եվրամիության եւ Միացյալ Նահանգների ջանքերը՝ բանակցություններն առաջ տանելու նպատակով»:
Մեքսիկայի ներկայացուցիչը նշել է, որ կողմերը պետք է հարգեն եւ ամբողջությամբ կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները։ «Մենք աջակցում ենք տարածաշրջանում միջնորդական ջանքերին, հատկապես՝ Ռուսաստանի Դաշնության եւ ԵՄ-ի ջանքերին… Մեքսիկան ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել եւ վերադառնալ դիվանագիտության ուղի»: