ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՉԺՀ-ի առաջնորդների վրա հատուկ պատասխանատվություն է դրված ողջ մոլորակին վերաբերող ամենակարևոր հարցերի շուրջ երկխոսության պահպանման համար: Այս մասին Չինաստանի Շենժեն քաղաքում ընթացող ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների պատմության մեջ առաջին լիարժեք եռակողմ գագաթնաժողովին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Որպես երեք խոշորագույն երկրների ղեկավարներ՝ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում պահպանել բաց, հարգալից և արդյունավետ երկխոսություն այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ոչ միայն մեր ժողովուրդներին, այլև ողջ մոլորակին», - ասել է Թրամփը:
Թրամփը կարծում է, որ երկրների համար դժվար է ազատվել միջուկային զենքից, երբ իրենք արդեն ունեն այն։
«Անկեղծ ասած՝ դա շատ դժվար է անել: Շատ դժվար է հրաժարվել դրանից՝ լինելով երկրի առաջնորդ։ Այնպես որ, դա անելը հեշտ չէ: Այդպես է դասավորված կյանքը, գիտեք։ Դուք ունեք հազարավոր միավոր զենք, և ձեզ հարկավոր է ազատվել դրանցից։ Բայց կան երկրներ, բացի մեզնից, որոնք զգալիորեն ավելի փոքր ծավալներով նույնպես ունեն միջուկային զենք», - ասել է նա։
Նա նաև նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։
«Չափազանց կարևոր է, որ մենք համագործակցենք այլ երկրներում միջուկային զենքի տարածման դեմ պայքարում։ Դա այն է, ինչ մենք անում ենք Իրանում։ Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ունենալ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։



