Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ընդ որում, կապիտալ ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 164,4 մլրդ դրամ։
«2021 թվականի՝ Կառավարության նախորդ ծրագրի իրականացման մեկնարկի համեմատ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջեն կավելանա ավելի քան երկուսուկես անգամ։ 2027 թվականին բյուջետային 23 ծրագրերի և 193 միջոցառումների շրջանակում այս ուղղություններին կհատկացվի ավելի քան 435 մլրդ դրամ», - պարզաբանեց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ կապիտալ ծրագրերի պլանավորման և իրականացման միջև նախկինում առկա խզումը կրճատվել է՝ դա կապելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հետ։
«2018 թվականին մեր կապիտալ ծախսերի ծավալն ընդամենը 1,3 մլրդ դրամ էր։ 2025 թվականին նախարարության համակարգած ոլորտներում կապիտալ ծախսերի փաստացի ծավալը կազմել է 129,3 մլրդ դրամ։ 2026 թվականի ծրագրերի համաձայն՝ այդ նպատակների համար նախատեսված էր 165,5 մլրդ դրամ։ 2027 թվականին կապիտալ ծախսերի համար որոշվել է հատկացնել 164,4 մլրդ դրամ, ինչը կազմում է մեր ընդհանուր հատկացումների 37,7%-ը», - հավելեց ԿԳՄՍ նախարարը։



