Պետությունը պատասխանատու է զինծառայողների իրավունքների պաշտպանության համար, քանի որ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում նրանք գտնվում են նրա անմիջական պատասխանատվության ներքո։ Միևնույն ժամանակ, Հայաստանում զինծառայողների իրավունքների խախտումների կանխարգելման և նման դեպքերի քննության գործող մեխանիզմները բազմաթիվ թերություններ ունեն և հետագա կատարելագործման կարիք ունեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նրա խոսքով՝ պետությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը զինծառայողների բոլոր իրավունքների, նախևառաջ՝ կյանքի իրավունքի պաշտպանության, ինչպես նաև խոշտանգումների ու դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցանկացած այլ դրսևորման կանխարգելման համար։ Այս պարտավորությունները վերաբերում են թե՛ նման դեպքերի կանխարգելմանը, թե՛ դրանց հետագա քննությանը։
Մանասյանը նշել է, որ չնայած գործադրվող ջանքերին և նման դեպքերը բացառելու հարցում պետական կառույցների շահագրգռվածությանը՝ Հայաստանում դեռևս լուրջ խնդիրներ են պահպանվում ինչպես կանխարգելման, այնպես էլ քննության մեխանիզմների մասով։ Հաշվի առնելով գրանցված դեպքերի քանակը՝ իրավասու մարմինները պետք է ավելի հետևողական և արդյունավետ մոտեցում ցուցաբերեն դրանց քննության հարցում։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է, որ մշտապես դիմում է իրավասու մարմիններին՝ պահանջելով քրեական վարույթի շրջանակում ապահովել յուրաքանչյուր նման դեպքի լիարժեք քննություն։ Բացի այդ, նա պնդում է ներքին ծառայողական քննությունների անցկացման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան բացահայտել դեպքերի հանգամանքներն ու դրանց առաջացման պատճառները։
Անդրադառնալով վերջին դեպքին, երբ զինծառայողի մահը հերթական անգամ կապվում է ինքնասպանության հետ, Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը իրավասու մարմինների հետ համագործակցում է ոչ միայն բանավոր, այլև գրավոր ձևաչափով։ Դա անհրաժեշտ է ստացված տեղեկությունները համադրելու և իրավիճակին հետևելու հնարավորություն ունենալու համար։
Մանասյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ՄԻՊ աշխատակազմը մտադիր է ոչ միայն հետևել քննությունների ընթացքին ու դրանց պատշաճ իրականացմանը, այլև վեր հանել պահպանվող համակարգային խնդիրները։ Այդ նպատակով, մասնավորապես, կիրառվում են մշտադիտարկման մեխանիզմներ, իսկ արձանագրված թերությունները Պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է հրապարակային ելույթներում։
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ քրեական գործերով քննություն իրականացնելու լիազորություններով, ինչպես դա անում են քննչական մարմինները։ Հաստատության աշխատանքը կառուցվում է նախևառաջ պետության կողմից իր պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության շուրջ՝ հատկապես կյանքի իրավունքի պաշտպանության, խոշտանգումների և մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցերում։



