«Հրապարակ» թերթը գրում է. Երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել։ Գյուղացիներն ուզում են այդ միջադեպը հանրայնացնել, որ դադարեցվեն տուժածների նկատմամբ հետապնդումները։ Տիգրան Յոլչյանը, ըստ տեղեկությունների, մի խումբ անձանց հետ ծեծուջարդ է արել Սարուխանում՝գույքային եւ ֆիզիկական վնաս պատճառելով մի խումբ երիտասարդների։ Միջադեպի մասնակիցների թվում շրջանառվում են նաեւ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի շրջապատի որոշ անուններ, ինչի շնորհիվ էլ ոչ թե հարձակվողներն են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, այլ՝ տուժողները: «Ծեծողներից Տիգրան Յոլչյանը բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի բարեկամն է, ուզում ենք, որ բարձրաձայնվի այս միջադեպի մասին, որ իրավապահները ծածկադմփոց չանեն, տուժածներին քաշքշելու փոխարեն զբաղվեն հանցագործներով»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։ ՆԳՆ-ից հաստատեցին միջադեպի փաստը․ «Սարուխան բնակավայրում ծեծկռտուքի վերաբերյալ ոստիկանությունում տեղեկություն ստացվել է, որը փոխանցվել է քննչականին»։



