Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում, մշտական անդամության ինստիտուտից հրաժարում և Գլխավոր ասամբլեայի լիազորությունների ընդլայնում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Bloomberg գործակալության համար «ՄԱԿ-ը պետք է վերացնի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը» վերնագրով հոդվածում թուրքական առաջնորդն ընդգծել է, որ այս քայլը համարում է ՄԱԿ-ի բարեփոխման կենտրոնական տարր։
Նրա կարծիքով՝ Անվտանգության խորհրդի արտոնյալ անդամների թվի պարզ ընդլայնումը չի լուծի սահմանափակ թվով պետությունների ձեռքում լիազորությունների կենտրոնացման խնդիրը։ Թուրքիայի նախագահն առաջարկել է Գլխավոր ասամբլեայում ձևավորել լայն կոալիցիա այն սկզբունքի շուրջ, ըստ որի՝ ոչ մի պետություն չպետք է կարողանա մշտապես արգելափակել մեծամասնության կամքը։
Թուրքական առաջնորդը հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձևավորման սկզբունքի փոփոխության օգտին։ Նրա համոզմամբ՝ այնտեղ մշտական անդամներ չպետք է լինեն, և երկրները պետք է ընտրվեն Գլխավոր ասամբլեայի կողմից որոշակի ժամկետով և ռոտացիոն հիմունքներով։
«Մենք չենք կարող կառուցել ապագայի միջազգային կարգը՝ պահպանելով անցյալի հիերարխիան։ Վերջին քառորդ դարի իրադարձությունները, որոնք համաշխարհային պատմության տեսանկյունից բավականին կարճ ժամանակահատված են, ցույց են տվել, որ ոչ մի ուժային հավասարակշռություն և ոչ մի միջազգային կարգ հավերժական չէ։ Համակարգը, որը մարդկությանը խոստացել էր խաղաղություն, կայունություն և ընդհանուր բարգավաճում, անբավարար արդյունավետ է գտնվել նոր պատերազմների կանխարգելման, անհավասարության կրճատման և փոփոխվող ուժային հավասարակշռությանն արձագանքելու գործում»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն այս համատեքստում կրկնել է Անկարայի առաջ քաշած «Աշխարհը հինգից մեծ է» սկզբունքը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին։
«Յուրաքանչյուր տարածաշրջանի խնդիրներն անհնար է լուծել դրսից սահմանված մեթոդներով։ Մենք հավատում ենք, որ համապատասխան երկրների կամքի, տեղական պայմանների և ընդհանուր շահերի վրա հիմնված մոտեցումները կտան ավելի կայուն և հաստատուն արդյունքներ։ Դիվանագիտական հնարավորություններով, տնտեսական ռեսուրսներով և տարբեր կողմերի հետ հաղորդակցություն պահպանելու կարողությամբ օժտված երկրները անխուսափելիորեն պետք է ավելի ակտիվ դեր խաղան խաղաղության և կայունության հաստատման գործում»,- նշել է Էրդողանը։
Առանձնահատուկ կերպով նախագահը անդրադարձել է նաև միջազգային համակարգի բարեփոխման տնտեսական բաղադրիչին։ Նրա խոսքով՝ այն սպասումները, թե գլոբալիզացիան ինքնին կապահովի բարեկեցության տարածումը, ամբողջությամբ չեն արդարացել, մինչդեռ եկամուտների բաշխման անհավասարությունը խորացել է, իսկ տեխնոլոգիաներն ու տնտեսական կախվածությունները վերածվել են մրցակցության նոր ոլորտների։



