Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «էներգետիկ հրադադարը»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ օբյեկտներին հարվածների փոխադարձ դադարեցման հնարավորությունը։ Այս մասին Մակրոնը հայտնել է Նյու Յորքում Թրամփի հետ հանդիպումից հետո։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ քննարկվել են նախաձեռնություններ, որոնք կարող են հանգեցնել էներգետիկ ոլորտի օբյեկտներին ռուսական և ուկրաինական հարվածների փոխադարձ դադարեցմանը։
Մակրոնը և Թրամփը քննարկել են նաև Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու հարցը։ Մակրոնը հատկապես կարևորել է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի համար ավելի արագ և մեծ քանակությամբ հրթիռներ տրամադրելը։
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ «էներգետիկ հրադադարի» առաջարկը քննարկելու է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս պահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ օբյեկտներին հարվածները դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։



