
Telegram-ում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է նախօրեին Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունները։
«Իսկապես նշանակալի քայլ՝ պատերազմի ավարտի և Ուկրաինայի ու մեր ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Մենք արդեն աշխատում ենք անվտանգության երաշխիքների կոնկրետ բովանդակության վրա», - գրել է Զելենսկին։
Նա չի մանրամասնել, թե ինչ բովանդակություն կունենա դա։
«Այսօր մենք շարունակում ենք ղեկավարների մակարդակով համակարգումը․ կլինեն քննարկումներ և մենք պատրաստում ենք համապատասխան ձևաչափերը։ Մենք կշարունակենք աշխատանքը վաղը։ Ազգային անվտանգության խորհրդականները նույնպես այժմ մշտական կապի մեջ են։ Կլինեն անվտանգության երաշխիքներ», - հավելել է Ուկրաինայի նախագահը։
Երեքշաբթի՝ օգոստոսի 19-ին, նախատեսված են «ցանկացողների կոալիցիայի» (Ուկրաինային աջակցելու պլան մշակող երկրների խումբ) հանդիպումներ, որոնք առցանց կանցկացնեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։