Մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն: Մենք խնդիրը տեսնում ենք հիմնականում այնտեղ՝ որ շատերը չէ, որ ուզում են ստանալ: Չեմ կարող չնկատել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր տարբեր շրջանակներ և դրդում մեր հայրենակիցներին չստանալ այդ քաղաքաքացիությունը: Չստանալ քաղաքացիությունը, օրինակ, որովհետև քաղաքացիությունը նշանակում է ոչ միայն իրավունք, այլև պարտականություն: Այդ թվում՝ ծառայելը ՀՀ Զինված ուժերում: Այդ շահարկումները բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չէ, որ ստացել են քաղաքացիություն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք վերջին ամիսներին տեսել ենք քաղաքացիության դիմումների աճ և պետք է խրախուսենք, որ դա շարունակվի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նաև հաստատված խաղաղությունն է նպաստելու, որ մեր հայրենակիցներն ավելի շատ դիմումներ ներկայացնեն քաղաքացի դառնալու համար: Բանակից խուսափելու հանգամանքը՝ իմ տպավորությամբ, պետք է որ թուլանա»,- նշել է նա:
Անդրադառնալով գումարներին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ ունեն մի քանի տեսակի փոխհատուցման չափեր՝ 3, 4, 5 միլիոն դրամ և այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան, կարող են այդ գումարով ձեռք բերել. «Մենք այնուամենայնիվ ուզում ենք, որ մարդիկ ձեռք բերեն տունը, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալության ծրագիրը: Խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումն այն քաղաքացիների համար, որոնք բնակարանային ծրագրի շահառու են դարձել»:



