Մեկնարկեց Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատ...

Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակի տարածքում մեկնարկեց Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնը։

Գրքի երևանյան միջազգային փառատոնը կընթանա սեպտեմբերի 5-7-ը, որի շրջանակներում միջոցառումներ են նախատեսված ինչպես Հայաստանի ազգային պատկերասրահում ու պատմության թանգարանում, այնպես էլ Կապանում, Գյումրիում։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի փոխանցմամբ՝ «Սարոյան» հիմնադրամի հետ բացառիկ համագործակցության շրջանակում առաջին անգամ կանցկացվի նաև Սարոյանի անվան կարճ պատմվածքի միջազգային մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ այդ լեզվով թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։

«Հուրախություն մեզ, ունեցանք 108 հայտ 25 երկրից։ Դա չտեսնված ցուցանիշ է առաջին տարին մեկնարկող մրցույթի համար»,-գոհունակություն հայտնեց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրքի և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ նախագիծն է, որը 2017 թվականից սկսած ամեն տարի իրականացվում է։ Այս տարի այն ունի մի քանի բաղադրիչ՝ շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մրցույթներ, գրքի տոնավաճառ՝ պարտադիր զեղչով։ 

«Մենք Հայաստան ենք հրավիրել տարբեր երկրներից հրատարակչությունների՝ ունենալու հանդիպումներ, քննարկումներ իրենց գործընկերների հետ, մասնակցելու պանելային քննարկումներին։ Ի պատասխան մեր հրավերի, նրանք  իրենց հետ տանելու են ժամանակակից որևէ հայ գրողի ստեղծագործության ձեռբերման գույքային իրավունքի պայմանագիր և իրենց երկրում, իրենց լեզվով հրատարակելու են հայ գրականություն՝ դրանով իսկ խթանելով հայ գրականության միջազգայնացումը»,-ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավարը։

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ ընթերցողները գրքերի հիմնական տեսականուն ծանոթ են արդեն և գրքի տոնավաճառ այցելում են մեծամասամբ նոր գրքերի համար՝ օգտվելով այն զեղչերից, որն ընձեռվում է այդ շրջանակներում։ 

Անդրադառնալով Գրքի երևանյան միջազգային փառատոնի այս տարվա առանձնահատկություններին, նա կարևորեց միջոցառման անցկացման վայրը։

«Ես նախևառաջ արձանագրում եմ վայրը․ Հանրապետության հրապարակ, մարդաշատ, մեծ հաճախելիություն։ Նախկինում մենք ունեցել ենք փառատոներ, որոնք մի փոքր փակ տարածքներում են եղել և գալիս էին մարդիկ, որոնք պետք է գային։ Հիմա պատահական շատ անցորդներ գալիս, անցնում են և «բախվում» են Գրքի երևանյան փառատոնի փաստին՝ դառնալով դրա  ակամա մասնակիցը։ Շատերը նաև դառնում են ակտիվ մասնակից, որովհետև գալիս են, մասնակցում են միջոցառումներին, գիրք են գնում»,-ասաց Նիկողոսյանը։

Խոսելով փառատոնից ու գրքի տոնավաճառից ակնկալիքների մասին, գրականագետն անկեղծացավ՝ սպասելիքները կապված են փառատոնի մասնակիցների, ընդ որում՝ ընթերցողների թվի ավելացման հետ, քանի որ յուրաքանչյուր վաճառված գիրք, ըստ նրա, արձանագրում է ընթերցողների ավելանալու փաստը։

Փառատոնի շրջանակներում կազմակերպված գրքի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 50 հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ։ 

Կազմակերպիչների պնդմամբ՝ փառատոնը շահույթ չի հետապնդում։ Ցուցահանդես-տոնավաճառի բոլոր տաղավարները տրամադրվել են անվճար՝ ստեղծելով միջավայր, որտեղ գրահրատարակչական դաշտի ներկայացուցիչները ներկայացնում և վաճառում են իրենց գրքերը։

Միջոցառման բացմանը ներկա էին նաև ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Գրքի երևանյան փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։ Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ն՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։