Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադաձել է իր ղեկավարած կառավարության հասցեին հնչող քննադատություններից մեկին՝ կառավարությունը բարեփոխումները չի անում անհրաժեշտ ակտվությամբ։ Վարչապետը նաև ընդգծեց, որ մեկ տարվա կյանք ունեցող կառավարությունից պետք չէ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումներ.
«Իմ տպավորությունը ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ։ 90-ականների սկզբին, որպես լրագրող ես հետևել եմ, իմ աչքի առաջ ձախողվել են փայլուն ստրատեգիական ռեֆորմներ, քանի որ դրանց հեղինակները ցանկացել են արագ անել։ Մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմների չիրականացման ծանրագույն հետևանքները։ Շատ կարևոր է չշտապել ափալ թափալ գործողություններ չանել», - հայտարարեց վարչապետը։
Վարչապետը մատնանշեց դատաիրավական բարեփոխումները` պնդելով, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ հնարավոր չէ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։
«Այսօր դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից և մանավանդ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել, դարձնել 2,5-3 մլն դրամ։ Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում մենք, համոզված եմ, կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ», - հայտարարեց վարչապետը։
Ըստ նրա` ծախսը կազմում է 10 մլրդ դրամ։
։



