Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ:
Դեկտեմբերի 1-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Գարիկ Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ընդհանուր առմամբ շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել:
«Շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ չպետք է թեքահարթակները լինեին հատվածական՝ 1-2 տեղ, այլ ամբողջական լուծումներ են տրվել:
Բարձրաձայնեմ նաև այն խնդիրները, որոնք ես եմ նկատել: Տեղ-տեղ մենք թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք է եղել երեք կողմից մոտեցումներով: Երևի թե այս առումով պետք է մեր ուշադրությունը սևեռած պահենք խնդրի վրա»,-ասաց նա:
Ավինյանն ընդգծեց, որ քաղաքի՝ ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը շարունակում է մնալ քաղաքապետարանի առաջնահերթությունների շարքում:
«Միշտ աշխատանքն իրականացնելիս պատկերացնենք, թե անվասայլակով կամ մանկասայլակով ինքնուրույն ինչպես ենք անցնելու: Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,-ասաց նա:



