Մասկը Սաուդյան Արաբիայում միացել է Թրամփին ու...

Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը միացել է նախագահ Դոնալդ Թրամփին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ. այդ են վկայում համացանցում տարածված կադրերը:

Նրանք Էր Ռիադի թագավորական պալատում հանդիպել են գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր Թրամփը Սաուդյան Արաբիա է ժամանել Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակում։  Երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան այցն է։

Նա նախատեսում է նաև այցելել ԱՄԷ և Քաթար ու ԱՄՆ վերադառնալ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնել էր Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:

Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ  դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:

Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: