Մասկը կշարունակի աշխատել որպես նախագահի ոչ պա...

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կշարունակի աշխատել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ոչ պաշտոնական խորհրդական Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) իր աշխատանքը պաշտոնապես ավարտելուց հետո։ Այս մասին հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրի։

Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Մասկը կշարունակի աշխատել որպես նախագահի ոչ պաշտոնական խորհրդական և ապագայում կկարողանա մասնակցել Սպիտակ տանը կազմակերպվող հանդիպումներին։

Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, Մասկը և Թրամփը պահպանում են լավ հարաբերությունները՝ չնայած ԱՄՆ նախագահը չի անդրադարձել ավելի վաղ Մասկի կողմից արված քննադատական մեկնաբանություններին Սպիտակ տան առաջարկած հարկերի և ծախսերի վերաբերյալ օրինագիծի մասին, որն անցյալ շաբաթ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից։ «CBS Sunday Morning» հաղորդման ընթացքում Մասկն ասել էր, որ «հիասթափված է», քանի որ կարծում է, որ ահռելի ծախսերի փաթեթը կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և կխաթարի «այն աշխատանքը, որ կատարում է DOGE-ի թիմը»։ 

ABC News-ը նաև հաղորդում է, որ Մասկի հետ միասին DOGE-ից հեռանում են վարչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս։ Նրանց շարքում են DOGE-ի գլխավոր փաստաբան Ջեյմս Բերնհեմը, Իլոն Մասկի ընկերություններում նրա տեղակալ Սթիվ Դեյվիսը։ Նրանք նույնպես, ինչպես և Մասկը, վարչությունում աշխատում էին հատուկ պետական ծառայողի կարգավիճակում, իսկ այս դեպքում աշխատանքի տևողությունը սահմանափակվում է 130 օրով։

DOGE-ը հայտարարել է, որ հունվարից ի վեր իր աշխատանքի շնորհիվ կառավարությունը խնայել է 175 միլիարդ դոլար, չնայած վարչության կողմից կիրառվող ծախսերի կրճատման մեթոդների պատճառով բազմաթիվ դատական հայցեր են հարուցվել, և մեղադրանքներ են հնչել, որ վարչության աշխատանքը ոչ սահմանադրական է։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի կրճատել ծախսերը Մասկի հեռանալուց հետո։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան իր ծառայության համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան DOGE-ին օգնելու համար, որպեսզի այն սկսի գործել։ Եվ վատնումները, խարդախությունն ու չարաշահումները կրճատելու ջանքերը կշարունակվեն», - ասել է նա։

Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ լքում է Կառավարության արդյունավետության վարչության ղեկավարի պաշտոնը, քանի որ Սպիտակ տան վարչակազմում իր ժամանակն արդեն ավարտվում է։