ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական եւ մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների եւ հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝
-ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները եւ ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները,
-ճշտել հաստիքային, տրված եւ աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը,
-անցկացնել ստորաբաժանումների եւ կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով:
Մարտավարական եւ մարտավարամասնագիտական զորավարժություններին ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաեւ օդային հարձակման միջոցներ (ավիացիա):