Մարտի 1-ի գործի քննության արդյունավետության հ...

Մարտի 1-ը պետք է գնահատել ոչ միայն կյանքի իրավունքի տեսանկյունից, որը եղել և մնում է քննարկման առանցքում, այլ նաև մի շարք այլ հիմնական ազատությունների խախտումների շրջանակում։ ԱԺ-ում այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մանասյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն 2008 թվականին ներկայացրել է մի շարք հարցադրումներ՝ հավաքների ազատության իրավունքի նկատմամբ միջամտությունների վերաբերյալ։ «Պետական իշխանությունը չի ներկայացրել բավարար և ողջամիտ փաստարկներ այն մասին, որ հավաքների ազատության նկատմամբ միջամտությունը եղել է համաչափ և իրավաչափ։ Սա ժողովրդավարական հասարակության տեսանկյունից լրջագույն խնդիր է»,-ասաց Անահիտ Մանասյանը։

Նա նաև ընդգծեց ուժի կիրառման համաչափության բացակայությունը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը ևս արձանագրել է այդ խնդիրը՝ հատկապես շեշտելով, որ իրականացված գործողությունները չեն եղել այնպես կազմակերպված, որ նվազագույնի հասցնեն վնասը և բացասական հետևանքները։

Պաշտպանը հիշեցրեց, որ ՄԻՊ աշխատակազմը 2008 թվականին լայնածավալ այցեր է իրականացրել ազատությունից զրկման վայրեր, որտեղ արձանագրվել են թե՛ բռնության, թե՛ վատ վերաբերմունքի փաստեր։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ քննության արդյունավետության հարցը եղել է և մնում է ՄԻՊ-ի մշտական հարցադրումների առանցքում։

Նա նշեց, որ այս մասով ՄԻԵԴ-ն արդեն տվել է հստակ դիրքորոշումներ՝ արձանագրելով քննության անբավարարությունը և պետության չկատարած պարտավորությունները։

Պաշտպանի խոսքով՝ Մարտի 1-ի իրադարձություններից պետք է քաղել հստակ դասեր՝ մարդու իրավունքների համանման խախտումների կանխարգելման համար։ «Պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի նման խախտումները երբևէ չկրկնվեն, և ցանկացած արձանագրված խախտման դեպքում ապահովվի արդյունավետ քննություն և պատասխանատվություն»,-ընդգծեց Պաշտպանը։

Մանասյանը կարևորություն է տվել նաև այն փաստին, որ ՄԻՊ-ը 2008 թվականից ի վեր բարձրաձայնել է մի շարք խնդիրներ, որոնց պատասխանները չեն տրվել, և նշել է, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է դրանց լիարժեք իրավական և ինստիտուցիոնալ քննություն։