
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջիկա գագաթնաժողովի անցկացմանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարությունը Մարկ Քարնիի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո:
Քարնին նաև իր աջակցությունն է հայտնել ԵՄ երկրների ղեկավարների օգոստոսի 10-ի հայտարարությանը, որում նրանք ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերն՝ ուղղված Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցմանը:
Երկու ղեկավարներն ընդգծել են, որ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն ուկրաինացիների կողմից։
Միևնույն ժամանակ Զելենսկու հետ զրույցի ընթացքում Կանադայի վարչապետը նշել է, որ դիվանագիտական ջանքերը պետք է ուղեկցվեն Ռուսաստանի վրա շարունակական ճնշմամբ՝ պատերազմին վերջ դնելու համար։
«Վարչապետն ընդգծել է Կանադայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական և ֆինանսական հզոր օգնությունը, այդ թվում՝ 2 միլիարդ դոլարի նոր ռազմական աջակցությունը և 2,3 միլիարդ դոլարի վարկի տրամադրումը՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների և հանրային համակարգերի վերականգնմանը նպաստելու համար», - նշված է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն Ալյասկայում կկայանա օգոստոսի 15-ին։