
Արմավիրի մարզի Արաքս գյուղում այսօր հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել։
Լիա Սարգսյանի հաղորդմամբ՝ գյուղում երկու համագյուղացիների միջև ծագած վեճի ընթացքում կողմերից մեկը կրակել է մյուսի վրա։ Տուժողը՝ Մասիս Ասատրյանը, հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։
ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի մասին տեղեկությունը ճշտում են։
Politik.am-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը սկսվել է կենցաղային հողի վրա։ Կրակոցներ արձակողի շները մտել են հարևանի հողամաս, ինչի պատճառով երեխաները քարով հարվածել են շանը։ Դրանից հետո ծագած վեճի ժամանակ շան տերը՝ Գոքոր Բուդուրյանը, հրազենով կրակոցներ է արձակել։ Վիրավորվել է Մասիս Ասատրյանը՝ հողամասի տիրոջ հորեղբոր որդին, ով նույնպես գտնվել է դեպքի վայրում։