Մամիջանյանը անդրադարձել է նաև այն նամակին, որ...

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ մինչև տարեվերջ հրապարակվելու են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին վերաբերվող առանցքային փաստաթղթերը, այդ թվում՝ 2019 թվականի փաթեթը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած նամակը։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը ծանոթ է 2019 թվականի հունիսին առաջարկված փաստաթղթին, Մամիջանյանը պատասխանեց, որ փաթեթը անձամբ չի տեսել, սակայն տեղյակ է դրա հիմնական ուղղություններից։  

«2019 թվականի փաթեթը ես չեմ տեսել։ Մոտավոր բովանդակությունը գիտեմ։ Գիտեմ, որ դա մի փաստաթուղթ էր, որի վրա աշխատելով հնարավոր էր Հայաստանի համար ստանալ այն, ինչը մենք ցանկանում էինք»,– նշեց նա։

Մամիջանյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստում հնչեցրած մտքերը լայն արձագանք են ստացել, և հենց դրանից հետո Հայաստանում մեկնարկեց քննարկումը բանակցային թղթերի հրապարակման շուրջ։ Նրա պնդմամբ՝ ընդդիմությանը հաջողվել է վարչապետից ստանալ խոստում, որ փաստաթղթերը կհրապարակվեն մինչև տարեվերջ։

Մամիջանյանը անդրադարձավ նաև այն նամակին, որի մասին խոսել է վարչապետ Փաշինյանը։

«Կռահում եմ, թե որ նամակի մասին է խոսքը։ Կարող եմ պնդել, որ նախագահ Սարգսյանը երբևէ իր կյանքում չի ստորագրել որևէ նամակ կամ փաստաթուղթ, որի համար Հայաստանի որևէ քաղաքացի կամ իր թիմակիցներից որևէ մեկը ստիպված կլինի ամաչել։ Երբ նամակը հրապարակվի, դուք կտեսնեք»,– ասաց նա։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ հրապարակելու է բանակցային գործընթացին վերաբերվող առանցքային փաստաթղթերը։

Փաշինյանը նշել էր, որ հրապարակվող փաթեթում ներառվելու է նաև Սերժ Սարգսյանի գրած մի նամակ։