Մակրոնը Հնդկաստանի վարչապետին պարգևատրել է Ֆր...

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որն այցով գտնվում է Փարիզում, ստացել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

«Վարչապետ պարոն Նարենդրա Մոդին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն պարոն Էմանուել Մակրոնի կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ խաչով՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն պարգևով։ Վարչապետը Հնդկաստանի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին այս բացառիկ պատվի համար։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Ելիսեյան պալատում», - նշված է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։

Մոդին հուլիսի 13-ին Ֆրանսիա է ժամանել երկօրյա պետական ​​այցով։ Փարիզում կայացել են Հնդկաստանի կառավարության ղեկավարի մի քանի հանդիպումներ: Ինչպես հաղորդում է  Հնդկաստանի ԱԳՆ-ն, վարչապետը զրույց է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Քննարկումները կենտրոնացել են լայն շրջանակի խնդիրների վրա, ներառյալ՝ G20-ում Հնդկաստանի առաջնահերթությունների, երկու երկրների խորհրդարանների վերին պալատների միջև համագործակցության։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Հնդկաստանի վարչապետը հանդիպել է նաև Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բոռնի հետ։ Ղեկավարները քննարկել են հետագա համագործակցությունը տարբեր բնագավառներում, ինչպիսիք են տնտեսությունը և առևտուրը, էներգետիկան, շրջակա միջավայրը, կրթությունը, երկաթուղիները, թվային ենթակառուցվածքը, թանգարանային գործը և մարդկանց միջև շփումները։

Մոդին հանդիպել է նաև Ֆրանսիայում հնդկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Հնդկաստանը նոր հյուպատոսություն է բացելու Մարսելում։

Հուլիսի 14-ին Մոդին կլինի Ֆրանսիայի Ազգային տոնի պատվին կայանալիք զորահանդեսի պատվավոր հյուրը։ Զորահանդեսին կմասնակցեն հնդիկ զինվորականներ, որոնք կներկայացնեն ազգային զինված ուժերի բոլոր երեք զորատեսակները, ինչպես նաև Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչներ։