ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին հնարավորո...

ԿԳՄՍՆ հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականության ապահովման ուղղությամբ իրականացված քայլերը: Նրա խոսքով՝ շատ արագ ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված սովորողների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

«Այս պահի դրությամբ շուրջ 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատություններում. նրանց սոցիալականացման և լավ միջավայր ստեղծելու համար փորձեցինք բաշխվածությունն ապահովել հնարավորինս համաչափ՝ բոլոր մարզերում և Երևանում: Շատ արագ փորձեցինք վերհանել սովորողների հնարավոր խնդիրները. ՏՄԱԿ-ների միջոցով իրականացվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հաշվառում, և այդ ուղղությամբ նույնպես ցուցաբերել ենք աջակցություն: Բացի այդ՝ շատ կարևոր էր մասնագիտական կողմնորոշման առումով հասկանալ հատկապես ավարտական դասարաններում սովորողների կարիքները և հետագայում փորձել նաև լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով ապահովել այն բացը, որն ունեցել են երեխաները»,-նշել է բանախոսը:

Նրա խոսքով՝ դասագրքերի առումով ևս դպրոցներին հանձնարարվել էր շատ արագ գույքագրել և նախարարություն ներկայացնել պահանջվող տպաքանակի վերաբերյալ տեղեկատվություն: ԼՂ բոլոր աշակերտներին դասագրքերը տրամադրվել են պետբյուջեի հաշվին:

Ստալ Սարդարյանն անդրադարձել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրին. Կառավարության որոշմամբ հաստատված կարգով նրանց հնարավորություն է տրվել գործուղվելու և աշխատելու մարզերում: Նրանց հատկացվում է 30 տոկոսի չափով հավելավճար, իսկ Սյունիքի և Վայոց ձորի, ինչպես նաև Գեղարքունիքի և Տավուշի մարզի որոշ համայնքների ուսհաստատությունների ուսուցիչներին՝ ևս 50 հազար դրամ ամենամսյա լրավճար: Այս պահի դրությամբ գործուղված ուսուցիչների դիմումների թիվը շուրջ 300 է, որոնցից 250-ը գործուղվել է և աշխատում է: