Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք։ Այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ վերոնշյալ ընտանիքներից 1768-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Նախարարությունից հիշեցնում են, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք՝
- տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,
- ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- չունեն սեփականություն,
- չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։
Դիմումներն ընդունվում են այս հարթակում։



