
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյնաը գրում է.
«Այսօր հարցում ուղարկեցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պարզաբանում ստանամ, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019թ․ մարտի 22-ին, «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքն ի՞նչ հիմքով է «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին որոշում կայացրել։
Վարձակալության պայմանագիրը կնքվել է 15 տարի ժամկետով՝ ամսական 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով։ Պայմանագրի համաձայն՝ վարձակալը պարտավորվում է տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն․ եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2,5 եվրոն անբաժանելի բարելավումներ կատարելու համար։ Արել եմ հետևյալ հարցապնդումները՝
-արդյո՞ք բավարար հիմքեր կային, որպեսզի կառավարությունը արժանահավատ համարեր վարձակալող ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը,
- արդյո՞ք ծրագրում նշված բարեկարգման աշխատանքները համապատասխանում են ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ զարգացման տեսլականին և որքանո՞վ են խթանելու հայկական կինոյին,
-արդյո՞ք մանրամասն հաշվարկված են այն ռիսկերը, որ կարող է սպառնալ պետությանը, եթե տարիներ անց պարզվի, որ, օրինակ, տվյալ վարձակալող ընկերության կողմից ներկայացված վերացական ծրագիրը չի իրականացվել և դրանից բացի նաև վնասներ է պատճառել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես «Հայֆիլմին»։
- ի՞նչ հիմքով է վարձակալության հանձնված տարածքների վարձավճարը սահմանվել ամսական 800,000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ և համարվել, որ սա վարձակալության հանձնվող տարածքներին համապատասխան գնահատված արժեք է,
- ո՞րն է վարձակալողի կողմից ներկայացված ծրագիրը, որն իրենից ենթադրում է ոչ միայն ՈՒՂԻՂ ներդրումներ, այլև հայկական կինոյի զարգացմանն ուղղված ծրագիր,
-արդյո՞ք վիճահարույց չէ պայմանագրի 3,3 կետը, ըստ որի վարձակալն իրավունք ունի իր կողմից Օբյեկտի օգտագործմանը և/կամ տիրապետմանը խոչնդոտող վարձատուի և/կամ Հայաստանի Հանրապետության կողմից ցանկացած գործողություն կատարվելու, մասնավորապես՝ օբյեկտը և/կամ դրա զբաղեցրած տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու , և/կամ քանդման և/կամ ձևափոխման և /կամ նպատակային նշանակության փոփոխության որոշում կայացվելու և/կամ դիտավորյալ այլ գործողության կատարման դեպքում միակողմանի լուծել պայմանագիրը՝ վարձակալից, այսինքն Հայաստանի Հանրապետությունից պահանջելով տուժանք օբյեկտում փաստացի կատարված ներդրման կրկնապատիկի չափով։
Եվ վերջում, համարում եմ, որ սա լավագույն որոշումը չէ «Հայֆիլմի» համար և միայն տեղային բարեկարգման խնդիր է լուծում՝ առանց նպաստելու հայկական կինոարտադրությանը։
Մյուս կողմից ուզում եմ նաև ՖԻՔՍԵԼ, որ դրական եմ գնահատում «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ կողմից ներկայացված ԼՈԿԱՑԻՈՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ այնուամենայնիվ պնդելով ներկայացնել նաև հենց հայկական կինոարտադրության համար բարենպաստ ծրագիր՝ հստակ ժամկետներով, նախանշված գործողություններով և այդ գործողություններին ուղղված հստակ ֆինանսական ներդրումների չափի սահմանումով։
Խնդրել եմ նաև բացահայտել այն երաշխիքները, որով Հայաստանի Հանրապետության համար պետական արժեք ներկայացնող գույքը և առհասարակ Հայաստանի Հանրապետությունը կապահովագրվեն մասնավորի կողմից հնարավոր նյութական և ֆինանսական ռիսկերից և վնասներից։
Հ․Գ․ Ի դեպ բացի քննադատությունից կամ կառավարությանը նամակներով հարցապնդումներ ուղարկելուց, ես միշտ ունեմ իմ հավաքական առաջարկները, որոնք տարբեր մասնագետների կամ գիտակ մարդկանց հետ քննարկման արդյունքում եմ գեներացնում, սա ուղղակի գրեմ, որ չասեն՝ ba_Serji_vaxt_inchi_cheiq_harcapndum:
#ՀայՖիլմ #ՀայՖիլմիՎերածնունդ #ՀայկականԿինո »: