Լուսանկարներ․ Վրաստանում Եզդիականության հոգևո...

Աշխարհում առաջին անգամ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հիմնվել է Եզդիականության հոգևոր ակադեմիա։ Հիմնադիրը Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Փիր Դիման է։ 

Նախադեպը չունեցող ակադեմիայի նպատակը եզդի երիտասարդներին կրոնական համակարգին, եզդիականության ծիսակարգին և փիլիսոփայությանը ծանոթացնելն է։ Ակադեմիան ունի ուսուցման երկու ձև՝ հոգևորականների համար, որը ավարտող երիտասարդները դառնում են եզդիականությանը լավատեղյակ հոգևորականներ և աշխարհիկ, որի նպատակը եզդիականության տեսության ուսումնասիրությունն է։ 

Եզդիականության հոգևոր ակադեմիայում միայն եզդիներ չեն, որ դասավանդում են։ Ակադեմիայում Բաբտիստական եկեղեցու Թբիլիսիի թեմի առաջնորդ Մալխաս Սոնղուլաշվիլին դասավանդում է համեմատական կրոնագիտություն։ Նրա օգնությամբ ակադեմիայի ուսանողները փորձում են հասկանալ եզդիականության արմատները՝ եզդիականության կրոնական փիլիսոփայությունը համեմատելով Միջագետքում սկիզբ առած համաշխարհային այլ կրոնների փիլիսոփայության հետ։ 

Վրաստանի եզդիների հոգևոր առաջնորդ Փիր Դիման դասավանդում է եզդիականություն և ուսանողների համար բացում է կրոնի գաղտնիքները, որոնք շատ կարևոր են Եզդիականության փիլիսոփայությունը հասկանալու համար։ Փիր Դիմայի օգնությամբ ակադեմիայի ուսանողները ծանոթանում են եզդիականության սուրբ տեքստերին։

Մերձավոր Արևելքի պատմությանը և դրանում եզդիների դերակատարմանը ուսանողները ծանոթանում են Իրաքից ժամանած դոկտոր Մաջիդ Հասան Ալիի օգնությամբ։ Հասան Ալիին բազմաթիվ հոդվածներ և գրքեր ունի գրված եզդիների պատմության մասին և այս առումով կարևոր տեղեկություններ է փոխանցում ուսանողներին։

Եզդիականության հիմքերը ամբողջապես հասկանալու համար ուսանողները սովորում են նաև արաբերեն։ Եզդիները հարյուրամյակներ շարունակ ապրել են արաբներով շրջապատված տարածքում և արաբերենի իմացությունը շատ կարևոր է եզդիագիտության լիարժեքության համար։ Բացի այդ եզդիականության որոշ սուրբ տեքստեր պահպանվել են արաբերենով ու արաբերենը նաև այս տեսանկյունից է կարևոր։

Եզդիականության ակադեմիայի ուսանողները ևս տարբեր երկրներից են։ Ակադեմիայում ուսանողներ կան Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Գերմանիայից,  և Բելգիայից։ Ակադեմիան այս տեսանկյունից ևս կարևոր առաքելություն է կատարում՝ մոտեցնում է տարբեր երկրներում ապրող եզդի համայնքի ներկայացուցիչներին և ստեղծում է ցանց, որը կարող է կարևոր փոփոխությունների սկիզբ դնել։