
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին։ Նա շեշտել է, որ բելառուսական կողմը պատրաստ է Իրանի հետ փոխգործակցության տարբեր ոլորտներում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց։ Փակ թեմաներ մենք չունենք։ Մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ձեր երկրի բնակչությանը պարենամթերքով ապահովելուց մինչև ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մեր բարեկամությունը որևէ մեկի դեմ չէ։ Մենք ամեն բան անում ենք մեր ժողովուրդների՝ իրանցի և բելառուս ժողովուրդների բարօրության համար», - ասել է Լուկաշենկոն իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։
Իր հերթին, Փեզեշքիանը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացումը կարող է չեզոքացնել Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը։
«Մենք՝ և՛ մեր երկիրը, և՛ ձերը, ցանկանում ենք մնալ անկախ։ Եվ անկախ որոշումների շրջանակներում մենք կարող ենք զարգացնել մեր բարեկամությունն ու համագործակցությունը։ Մենք հասկանում ենք, որ մեր հարաբերությունների զարգացումը և մեր համաձայնագրերը, որոնք գործնականում կիրականացվեն, կարող են չեզոքացնել այս անօրինական պատժամիջոցները», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում ԲելՏԱ պետական լրատվական գործակալությունը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել օգոստոսի 19-ին։ Մինչ այդ նա երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում էր։