Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն այլևս բռնապ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե այն ժամանակները, երբ իրեն բռանապետ էին անվանում, վաղուց անցել են։

«Այդ օրերն արդեն անցյալում են։ Այո՛, ես չեմ հանդիպում եվրոպական, այդ թվում՝ առաջատար երկրների ղեկավարների հետ, բայց նրանց հետ կապի մեջ եմ կա՛մ իրենց ներկայացուցիչների միջոցով, կա՛մ էլ ուղղակիորեն, ինչպես վերջերս [Ֆրանսիայի նախագահ] Էմանուել Մակրոնի հետ», — նշել է նա «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Լուկաշենկոն հավելել է, որ եվրոպացի առաջնորդներից և ոչ մեկն իրեն բռնապետ չի անվանում, քանի որ դա պարզապես ծիծաղելի կլիներ։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ինքը բռնապետ չէ, քանի որ չունի այնպիսի ռեսուրսներ, որոնցով կկարողանար իր կամքը թելադրել ուրիշներին։

Միևնույն ժամանակ, լրագրողի հետ զրույցում Լուկաշենկոն հորդորել է նրան ուրախանալ, քանի որ նա հնարավորություն է ստացել հարցազրույց վերցնել մի քաղաքական գործչից, ում կնքել են «Եվրոպայի վերջին բռնապետ» անվամբ։