Այո, իսկապես, մենք ուշադրություն ենք դարձրել Դմիտրի Սելեզնյովին Հայաստան մուտք գործելու արգելքի վրա։ Դրա մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նման կերպ է նա մեկնաբանել լրագրողի հետևյալ հարցը. «Վերջերս Հայաստանի իշխանություններն առանց բացատրության մերժել են ռուսաստանցի ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին մուտք գործելը։ Նախկինում նա լուսաբանում էր Ղարաբաղյան հակամարտությունը։ Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այս իրավիճակը»։
«Դե, դա ևս այն շարքից է, ինչպես, հիշում եք, Հայաստանի ներկայիս իշխանությունները իշխանության եկան խոսքի ազատության, բազմակարծության, այսպես ասած՝ թափանցիկության, սեփական կարծիքի բացահայտ արտահայտման համար պայքարի ալիքի վրա։
Ահա, տեսեք, թե ինչի հանգեցրեց դա»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ Զախարովայի՝ «մտահոգիչ է այն փաստը, որ չկա որևէ տեղեկություն այն մասին, թե երբ են լրանում սահմանափակումների ժամկետները, արդյոք լրագրողը մեղադրվում է հանրապետությունում որևէ հանցագործության մեջ և ինչպես կարող է նա ակնկալել այդ արգելքի վերացումը»։
«Հայտնի է, որ Դմիտրի Սելեզնյովը 2020 թվականին լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Դա իսկապես լավ հայտնի է։ Իսկ թե ինչ սխալ է նա արել, միանգամայն անհասկանալի է։ Մենք մեր դեսպանատան միջոցով տեղեկություն ենք պահանջել այս որոշման պատճառների մասին, և հուսով ենք, որ դա կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ, քանի որ դա կհակասի օրենքի գերակայությամբ առաջնորդվող հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության, պատկերին, որը խթանում են Հայաստանի իշխանությունները։ Մամուլի ազատությունը, ինչպես գիտենք, ցանկացած ժողովրդավարության անքակտելի սկզբունք է»,- եզրափակել է Մարիա Զախարովան։



