Լրացումներ են առաջարկվում բյուջետային համակար...

Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման և կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ:

Մասնավորապես, նախատեսվում է օրենքում սահմանել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները լիազորված մարմնի կողմից ենթակա են նախնական գնահատման, ինչպես նաև հստակեցնել, որ պայմանական պարտավորություններ առաջացնող պայմանագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները նույնպես ենթակա են պարտադիր գրանցման պետական լիազորված մարմնում: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով վերոնշյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախատեսվում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը և Կառավարության բյուջետային ուղերձը շարադրող դրույթներում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերին առնչվող տեղեկատվությունները:

Առաջարկվում է նաև օրենքում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի գնահատման նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման ընթացակարգը սահմանող դրույթ:

Օրենքի պետական բյուջեի և համայնքների բյուջեների եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում ներառել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող փոխհատուցումները, տույժերն ու տուգանքները և այլ վճարները:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական գործիքակազմ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասով, դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման իրավական պահանջներ և հիմքեր:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: