Ես այստեղ երկու պատճառ եմ տեսնում, պատճառներից առաջինն այն է, որ այս գործը այնքան դատարկ է, այնքան սին է, ջուր, փուչիկ, որ նույնիսկ դատարանը համոզված չէ, որ ապացույցները բավարար են լինելու որոշում կայացնելու համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, նախքան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծի քննարկումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով երեկ մի շարք մեղադրյալներ ազատ արձակվեցին, թեեւ իշխանությունները ի սկզբանե հայտարարում էին, թե ահաբեկչություն է նախապատրաստվել։
«Հաջորդը իհարկե հանրային դժգոհությունը, հանրային ճնշումը իր արդյունքը տալիս է։ Բայց եկեք չմոռանանք, խափանման միջոցները փոփոխվում են, ոմանց նկատմամբ կալանքը փոխվում է և դառնում է տնային կալանք, մյուսներին վարչական հսկողություն, բայց քրեական հետապնդումը այս անձանց նկատմամբ շարունակվում է։ Այսինքն այս մարդիկ ստիպված են մասնակցել մի դատավարական ֆարսի, որը իրավական որևէ հիմնավորում չունի»,–ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստ են ներողություն խնդրել, որ նաև նախկինների օրոք են եղել քաղբանտարկյալներ, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Եթե դուք հետևել եք իմ գործունեությունը մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո, պետք է ֆիքսած լինեք, որ մինչև 2018 թվականը ես էլի բարձրացրել եմ քաղբանտարկյալների խնդիրը։ Այսինքն այն, որ Հայաստանում տարբեր իշխանությունների ժամանակ եղել են քաղբանտարկյալներ, դա անհերքելի է, բայց եկեք ընդունենք, որ 2018 թվականին այս իշխանությունները եկան նաև այն խոստումներով, որ Հայաստանում պետք է լինի արդարություն, պետք է լինի արդար և անկախ դատական համակարգ և յոթ տարվա ընթացքում մենք տեսանք ճիշտ հակառակը»։
Ճշտող հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք ևս եղե՞լ են քաղբանտարկյալներ, պատգամավորը միայն ասաց, որ ինքն արդեն պատասխանել է հարցին։



