Լիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Իսրայելի կողմից անցյալ շաբաթ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետ, որոնց հետևանքով ավելի քան 300 մարդ զոհվել է, 1150-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ապրիլի 8-ին Իսրայելը 10 րոպեից էլ պակաս ժամանակում առանց նախազգուշացման հարվածել է Բեյրութում, Բեքաայի հովտում և հարավային Լիբանանում գտնվող 100 թիրախի։ Սա դարձել է Լիբանանի պատմության մեջ ամենամահացու ռմբակոծություններից մեկը։

Լիբանանի ԱԳՆ-ն իր նամակում նշել է, որ զոհերի մեծ մասն անզեն քաղաքացիական անձինք են եղել։

Իսրայելը պնդում է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի զինյալներին և շարժմանը պատկանող ենթակառուցվածքները։

Արտգործնախարարությունը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի բժշկական հաստատությունների վրա՝ դրանք որակելով միջազգային իրավունքի խախտումներ։ Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունների ընթացքում 17 հարձակում է իրականացրել հիվանդանոցների և 101 հարձակում՝ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի վրա։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։