ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգսիյանը այսօր խորհրդարանում հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի թեկնածությանը:
Պատգամավորը ասաց, որ ԼՀԿ-ն ցանկացել է սեփական թեկնածուն առաջադրել և դրա վերաբերյալ բանակցություններ են տարվել «Իմ քայլի» հետ:
«Առաջին երկու թեկնածուներին որոշ վերապահումներով կողմ քվեարկեցինք նաև ստեղծելու համար այն դրական աուռան, գործընկերային մթնոլորտը, որպեսզի կարողանանք բանակցությունները շարունակել և հասնել ինչ-որ դրական բանի, բայց, ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ մեր ներկայացրած երկու թեկնածուներն էլ մերժվել են մեծամասնության կողմից», - ասաց պատգամավորը:
Ըստ Գորգիսյանի` իրենց առաջադրած թեկնածուների մերժման համար կամ առհասարակ մեկնաբանություններ չեն եղել կամ էլ դրանք բավարար չեն:
«Սրանով ոչ միայն խախտվում է քաղաքական բազմազանությունն առհասարակ, այլ խմբակցությունների կողմից անկախ մարմիններոմ թեկնածուներ առաջադրելու իրավունքը դառնում է ապրանքային, որովհետև այն ընդհանրապես չի կարողանում կյանքի կոչվել: Ելնելով այս ամենից, մեծամասնության կողմից բանակցությունները տապալելու այս քայլերից՝ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու», - ասաց Գորգիսյանը:



