Լֆիկ Սամոյի սառնարանները վախեցա՞ն բռնագրավել

Երեկ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները խրոխտ կերպով հարձակվում էին փողոցում մեկ-երկու կիլոգրամ միրգ-բանջարեղեն վաճառող քաղաքացիների վրա, արձանագրություններ կազմում և բեռնագրավում նրանց ապրանքը։ Պահանջը մեկն էր՝ փողոցում առևտուր չի կարելի, անգամ եթե վաճառքը կատարվում է խանութի դռնից ընդամենը կես մետր դուրս։

Սակայն քաղաքապետարանի աշխատակիցների վճռականությունը կարծես ավարտվեց այն պահին, երբ հասան ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանի, կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, Լֆիկ Սամոյի «Երևան Սիթի» սուպերմարկետին։ Խանութի դիմաց տեղադրված էին պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների սառնարաններ։ Եթե շարքային քաղաքացիներից առանց վարանելու բեռնագրավում էին ապրանքն ու գույքը, ապա այստեղ բավարարվեցին միայն մեկ-երկու հովանոցով։ Սառնարանները, համենայնդեպս հրապարակված չկար սառնարանների բռնագրավվման կադրեր։

Սա արդեն ոչ թե փողոցային առևտրի դեմ պայքար է, այլ ընտրովի վարչարարության հերթական դրսևորումը։ Եթե օրենքը բոլորի համար է, ապա այն պետք է նույն կերպ կիրառվի թե՛ գյուղացու, թե՛ խոշոր գործարարի նկատմամբ։ Իսկ եթե նույն խախտման դեպքում մեկից բեռնագրավում են ապրանքը, իսկ մյուսի դեպքում՝ ոչ, ապա խնդիրը այլևս օրենքը չէ, այլ այն, թե ով է կանգնած այդ խախտման հետևում։

Ահա հենց այսպիսին է Փաշինյանի իշխանության իրականությունը։ Երբ խոսքը պարզ գյուղացու մասին է, որը փորձում է իր աճեցրած բերքը վաճառել, առյուծ են կտրում։ Իսկ երբ հերթը հասնում է ազդեցիկ գործարարին, նույն խստապահանջությունը հանկարծ անհետանում է։ Այդպիսի իրավիճակների համար էլ ժողովուրդը վաղուց ձևակերպել է իր դատավճիռը․ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գայլը»։