
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն ապացույցն է իշխանության կեղտոտ խաղերի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը այդ միջադեպը երկու կողմից է դիտարկում.
«Ինչ-որ հատուկ նպատակով էդ մարդուն ուղարկել են, ձայնագրել են այդ ամեն ինչը, երկրորդ, որ մի քիչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել դա, որ, ի սկզբանե, այդ մարդու հայտնվելը եղել է պայմանավորված, ոչինչ էլ պետք չէ բացառել՝ հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը»։
Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանական կողմը որևէ նպատակ չունի խոչընդոտելու գործի քննությանը.
«Միակ անհամաձայնությունը այդ ցուցմունքների հետ, հայրս էլ ասել է, դա Արշակ Կարապետյանի ցուցմունքում ասված մի նախադասությունն է։ Անհասկանալի է՝ այդ ցուցմունքը ինչպե՞ս պետք է փոխվեր, կամ դա մեզ ի՞նչ ձևով պետք է վնասի։ Չկա գործում նման բան, դա աբսուրդ է։ Նման բան անի մի մարդ, որին ճանաչում են 3 ամիս։ Ինչո՞ւ է դա արվել հենց երեկ, դա ազդելու նպատակ է ունեցել, քանի անգամ էլ մենք տեսանք, երբ դատավորը գնում է խորհրդակցական սենյակ, ինչ-որ նման բաներ են անում»։
Հարցին՝ արդյոք ինքը հետաքրքրվե՞լ է՝ վերջին երեք ամիսների ընթացքում Ռոբերտ Քոչարյանին աջակցություն հայտնողներին ովքեր են միացել, արդյոք ինքը ճանաչո՞ւմ է այդ աջակցին, Լևոն Քոչարյանն ասաց. «Ես անձամբ ճանաչում եմ, շատերին բարևում եմ, եղել է, որ ինչ-որ հարցով գան, փորձեն ծրագրեր առաջարկել պայքարի հետ կապված։ Կային նաև փողոցային ցույցեր, ցույցերում կային նաև աջակիցներ, որոնք սխալ են պահել իրենց, խոստումներ են տվել մարդկանց, և նրանց մենք շնորհակալություն ենք հայտնել, եւ խնդրել ենք՝ չգալ ցույցերին։ Այնպես չի, եթե աջակից է, ուրեմն գալիս, գրանցվում է, թուղթ է ստանում։ Ամեն մեկը մի տեսակի կարող է լինել։ Մեկը գալիս և մտածում է՝ հետագայում կարող է իշխանություն լինես, ինքն էլ դրա մեջ լինի»։
Լևոն Քոչարյանը շեշտեց, որ իշխանությունն է այդ ամենի հեղինակը. «Այս ամենի միջոցով հորս կալանքի տակ են պահում և ճնշում են գործադրում դատարանների վրա։ Ի սկզբանե, հավատն էլ չկա իրավապահ համակարգի հանդեպ, իրենց մղումն էլ շատ լավ հասկանում են ու տեսնում ենք՝ վերջին 2 տարվա մեջ, որ ոչ միայն ինչ-որ բան պարզելու մեջ է իրենց նպատակը, այլ ամեն կերպ կեղտոտել, անունի հետ խաղալ, շատ ցածր ու ճղճիմ քայլ էր այս ամեն ինչը, հատկապես այս օրով։ Որպես լրագրող կարող են փոքրիկ հետաքննություն անցկացնել՝ թե ի՞նչ կտար մարդու ցուցմունք փոխելը մեզ։ Վերջիվերջո, կան մարդիկ, որոնց թվում է՝ լավ բան են անում, բայց չեն հասկանում, որ սխալ և վատ բան եմ անում։ Մենք ոչինչ չենք ուզում փոխել այս գործի մեջ։ Մենք որևէ կապ չունենք ու չէինք էլ կարող ունենալ»։