Լավրովը բողոքի նոտայից հետո զրուցել է Տաջիկստ...

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Տաջիկստանից իր գործընկեր Սիրոջիդին Մուխրիդինի հետ զրույցում ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների մանրակրկիտ ստուգումները Ռուսաստան մուտք գործելիս ժամանակավոր միջոց է, որը ձեռնարկվում է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դարձել են մեզ մոտ ժամանած օտարերկրյա քաղաքացիների ավելի մանրակրկիտ ստուգումների հիմնական պատճառը։ Հատկապես ընդգծվում է ձեռնարկված միջոցառումների ժամանակավոր բնույթը, կոնկրետ ազգի կամ կրոնի դեմ չուղղված լինելը, անցակետերում իրավիճակի աստիճանական կարգավորումը»,- ասվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության այլ հարցեր, ինչպես նաև ընդգծել հարաբերությունների դրական դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը։

Նախօրեին՝ ապրիլի 29-ին, Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ Ռուսաստանում տաջիկների նկատմամբ «բացասական վերաբերմունքի զանգվածային դեպքերի» և նրանց իրավունքների ու ազատությունների ոտնահարման կապակցությամբ։