Լատվիայում պլանավորում են ՆԱՏՕ-ի համար զինամթ...

Լատվիայում նախատեսվում է կառուցել ռազմամթերքի և ռազմական նշանակության այլ ապրանքների արտադրության գործարան՝ ՆԱՏՕ-ի կարիքների համար։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է LETA գործակալությունը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուռնիեցեին։

«Դիտարկվում է պետական ​​բաժնետիրական ընկերություն ստեղծելու հարցը, որի խնդիրը կլիներ արտադրել ռազմական նշանակության արտադրանք, ինչը հնարավոր կլիներ օգտագործել ոչ միայն սեփական սպառազինությունների մատակարարման, այլև ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին օգնելու համար», - ասել է պաշտպանության նախարարը։

Հաղորդվում է, որ նման որոշումն ընդունվել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչի հետ պաշտպանության նախարարության ղեկավարի հանդիպման արդյունքներով՝ հաշվի առնելով այն, որ «զենքն ու սպառազինության համակարգերը դեֆիցիտ են դարձել ամբողջ աշխարհում»։

«Մենք պետք է հնարավորություն ունենանք ինքներս արտադրել այն, ինչը խիստ անհրաժեշտ է, ներառյալ՝ զինամթերքը: Ակնկալվում է, որ մեկ ամսվա ընթացքում կառավարությունը կքննարկի այն փաստաթղթերը, որոնք կամրապնդեն Լատվիայի ռազմական արդյունաբերությունը», - ընդգծել է Մուռնիեցեն: